Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությանը: Փառատոնը մեկնարկել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայով, որը ցույց է տալիս, թե ինչպես է շախմատի նկատմամբ սերն օգնում երեխաներին հաղթահարել բոլոր դժվարությունները և ամրապնդում սեփական ուժերի նկատմամբ վստահությունը՝ այն մտայնությամբ, որ եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կյանքում կարող են հասնել ավելիին:
Միջոցառումը համատեղ կազմակերպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ:
Կարդացեք նաև
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» թեմայով շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմ