Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսուհետ ընտրողների ցուցակում որևէ մահացած ուղղակի հնարավոր չէ, որ լինի». Հրայր Թովմասյան․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2013 18:19

Այսօր Եվրամիության աջակցությամբ Գյումրու քաղաքացիական ակտերի գրանցման (զագսի) տարածքային բաժնում ներդրվեց էլեկտրոնային համակարգ, որը, ըստ պատասխանատուների, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, վերջ կդնի փաստաթղթային քաշքշուկներին, կհեշտացնի մյուս գերատեսչությունների` ոստիկանության, սոցիալական ծառայությունների, բանկերի հետ շփումները: Համակարգի միջոցով կգրանցվեն ծնունդները, որդեգրումները, մահերն ու ամուսնությունները, անվանափոխությունը և այլն: Եվ եթե անվանափոխության գործընթացը նախկինում տևում էր 1-2 ամիս, այժմ ընդամենը` 2-3 շաբաթ, նույնիսկ հնարավոր կլինի սոցիալական ծառայություններից ծննդի և մահվան գրանցման միանվագ պետական վճարները ստանալ առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու:Էլեկտրոնային համակարգի այս առավելությունների մասին իր ելույթում շեշտեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

IMG_0208

Իսկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որպեսզի ավելի պատկերավոր լինի իրենց կատարած աշխատանքը` նշեց, որ ի շնորհիվ այս համակարգի, ընտրացուցակներում այլևս մեռյալ հոգիներ չեն լինի և բնականաբար քվեարկության չեն մասնակցի: «Այս պրոցեսը սկսվեց Գյումրուց, քաղաք, որն առանձնանում է իր կոլորիտով, իր մշակույթով, իր արվեստով, ինչու չէ նաև պիտի առանձնանա մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակով: Իմ նախարար նշանակվելուց հետո, կարևորագույն խնդիր եմ համարել և դա կառավարության գործունեության ծրագիրն է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունները իրենց որակով էականորեն բարձրանան և այն վիճակները, որոնք մի մասով մենք խորհրդային միությունից էինք ժառանգել` գնա տեղեկանք բեր, որ քեզ տեղեկանք է պետք, այս կամ այն մարմնի դռան դիմաց օրերով, եթե չասեմ ամիսներով կանգնել…Կամ այս կամ այն որոշումը ստանալու համար ստիպված լինել տասնյակ այլ մարմիններից տեղեկանքներ հավաքել` բերելու 3-րդ, 4-րդ , 5-րդ մարմին քո ակտը ստանալու համար… էս վիճակները հարիր չեն 21-րդ դարին, և այս ամբողջը մենք պետք է թողնենք 20-րդ դարում», -ասաց նախարարը:

IMG_0213

Իսկ ընտրացուցակներում տեղ գտած մեռյալ հոգիների մասին ասաց. «Մենք բազմիցս ենք խոսել այստեղ ներկաների հետ, տարբեր ամբիոններում, որ մեր ընտրողների ցուցակներում կան մեռած հոգիներ, և փորձել էինք կատարելագործել, ինչ-որ վերահսկողական մեխանիզմներ ունենալ, վարչարարությունը լավացնել, որպեսզի էդ մարդիկ դուրս գան: Պարզվում է լուծող բանալին միանգամայն այլ տեղ է, որ անձը մահացավ էն ցուցակներից ավտոմատ դուրս է գալու: Այս ծրագրի գործարկման պայմաններում ընտրողների ցուցակում որևէ մահացած ուղղակի հնարավոր չէ, որ լինի, բացառվում է դա, որևէ մարդ, որը մահացած կլինի և հանկարծ ինչ-որ տեղից նպաստ կստանա, դրա հնարավորությունները ևս բացառվելու է: Կոռուպցիոն ռիսկերը այս ոլորտում հասցվելու են զրոյի: Ավելին, մարդկանց դժգոհության չասեմ 80-90 տոկոսը գալիս է նրանից, որ ինքը ստիպված է հերթ կանգնել, լինի դա ռեգիստրի դռան դիմաց, լինի դա կադաստրի դռան դիմաց, լինի դա զագսի, սպասում է, բայց մեկ ժամ հերթ կանգնելուց հետո իրեն ասում են այսինչ տեղեկանքը ևս պիտի բերես, առքուվաճառքի պայմանագիր է կնքելու: Ասում են` գնա զագսից տեղեկանք բեր, որ դու ամուսնացած ես, թե ոչ, գնում է զագս, զագսում ընդմիջում է, ասում են ընդմիջումից հետո կգաս, գնում է ընդմիջումից հետո պարզվում է զագսի վարիչը գտնվում է սեմինարի, ասում են առավոտյան կգաս, էս մարդն աշխատում է, հետո գալիս տեղեկանքը վերցնում է, գալիս է նոտար, նոտարի մոտ հերթ է, կգաս մյուս օրը, էս ամբողջը առաջացնում է օբյեկտիվ դժգոհություններ մեր քաղաքացիների մոտ մեր իշխանություններից: Իսկ այս համակարգով թղթատարությունից զերծ ենք մնալու», -ասաց նախարարը`փայլուն կերպով ներկայացնելով հայկական իրականությունը:

Հրայր Թովմասյանը նշեց նաև , որ 1 մլն.500 փաստաթղթեր են թվայնացվել: Տեղում գործարկվեց համակարգը և նորածին մի երեխայի ծնողի հյուրերի ներկայությամբ ծննդական տրվեց: Նախարարն ասաց, որ հետագայում այնպես կանեն, որ երեխան ծննդականը ստանա հենց ծննդատանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031