«Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի և ԼՂՀ սահմաններին խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների շրջանակներում, և կարծում եմ, որ այս լարվածությունը համընկնում է Ադրբեջանի ներքաղաքական անցուդարձի հետ»,- Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ-Իջևան ճանապարհի Պառավաքարի հատվածում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում զոհվել էր մեկ, վիրավորվել երեք զինծառայող։
Նախարարը նշեց, որ այն փորձերը, որոնք կատարում է հայկական կողմը՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, չեն ընդունվում Ադրբեջանի ղեկավարության կողմից: Նրանք փորձել են կրկին ապակայունացնել իրավիճակը: Սեյրան Օհանյանի խոսքով՝ մեր հրամանատարները սառնասրտորեն գնահատում են ցանկացած իրավիճակի փոփոխություն և համապատասխան պատժիչ միջոցառումներ են ձեռնարկում, և այս դեպքի հետ կապված: Ըստ նախարարի, արդեն իսկ մեր հրամանատարները խիստ կերպով պատասխանել են, և «մենք շարունակելու ենք խիստ կերպով պատասխանել այդ քաղաքականությանը»։
Նախարարը հայտնեց, որ երեկ եղել է դեպքի վայրում, ուսումնասիրել է և դիրքի իրավիճակը, և ճանապարհային ցանցը՝ ընդգծելով, որ հրամանատարական կազմը պատրաստ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ իրավիճակը հանդարտ պահելու համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ