Դասական երաժշտության «Վերադարձի փառատոնն» արդեն յոթերորդ տարին է իրականացվում: Այս տարի այն կբացվի հոկտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ կերկարաձգվի մինչեւ նոյեմբերի 20-ը:
«Բացման համերգը նվիրված է կամերային պետական նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի ծննդյան 80-ամյակին: Այս համերգը կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ եւ հյուրերը կներկայանան ինքնատիպ ծրագրով»,-այս մասին այսօր «Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի» սրահում հայտնեց փառատոնի հիմնադիր «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:
Վերջինիս փոխանցմամբ` հաջորդ համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին, որտեղ ծրագրով կներկայանան Աբովյան քաղաքում՝ Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում, այնուհետեւ, նույն մասնակիցներով եւ հոկտեմբերի 31-ին Կամերային երաժշտության տանը կներկայացնենք կամերային երաժշտության երեկո.«Այս անգամ մեր հյուրերի՝ Միքայելի, Դավիթի եւ Տոմոկո Ակասակիի հետ, որոնց կմիանան տեղացի երաժիշտները՝ թավջութակահար Վահան Գրիգորյանը, ալտահար Արմեն Թորոսյանը եւ ջութակահար Տիգրան Մաթեւոսյանը: Այս համերգը կներկայացվի նաեւ Ֆրանսիայում՝ միջազգային փառատոնին»,- նշեց տիկին Շահինյանը:
Փառատոնին իրենց մասնակցությունն ունեն տաղանդաշատ երաժիշտ-կատարողներ Վահան Մարտիրոսյանը (դիրիժոր), Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, Ճապոնիա):
Տոմոկո Ակասակին կրթություն է ստացել Ճապոնիայի, Հունգարիայի եւ Շվեյցարիայի Կոնսերվատորիաներում: Նա հանդես է եկել Եվրոպայի ամենահայտնի բեմերում այնպիսի ճանաչված երաժիշտների հետ, ինչպիսիք են Գիդեոն Կրամերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռոբերտ Մաննը եւ այլք:
Ընդհանուր առմամբ, «Վերադարձ» փառատոնի շրջանակում կկայանա վեց համերգ:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ