Այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հասարակությունը հատկապես բացասական արձագանքեց այն լուրին, որ ըստ այդ օրենսդրական նախաձեռնության պետք է բարձրանան նաև պատգամավորների աշխատավարձերը: ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ի պատասխան հարցի` պե՞տք է, որ, օրինակ, Սամվել Ալեքսանյանի աշխատավարձը բարձրանա, այսպես էր պատասխանել. «Այո, Սամվել Ալեքսանյանին անհրաժեշտ է աշխատավարձի բարձրացում»:
Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին խնդրեց մեկնաբանել այս կարծիքը: Նա պատասխանեց. «Չկա մեկնաբանություն, ես ո՞նց մեկնաբանեմ Մանվել Բադեյանի այդ ասածը: Սամվել Ալեքսանյանն այդ աշխատավարձի՞ն է մնացել, իհարկե` ոչ: Մանվել Բադեյանն իրեն ծիծաղելի իրավիճակի մեջ է դնում իր այդ հայտարարությամբ»:
Մեր այն դիտարկմանը, թե այս օրենսդրական նախաձեռնությունը հատկապես բացասական երանգավորում է ստանում այն ֆոնի վրա, որ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Զբաղվածության մասին» նոր օրենքը, որը նախատեսում է երկրում հաշվառված գործազուրկներին այլևս նպաստ չտալ, տիկին Բախշյանն այսպես արձագանքեց. «Այն գաղափարախոսությունը, որ գործազրկության 18 հազար ոչինչ չտվող գումարը ավելի լավ է տրվի այդ մարդուն մասնագիտություն սովորեցնելու, աշխատատեղեր ստեղծելու համար, տրամաբանական է: ՀՀԿ-ն է, չէ՞, սիրում ասել, ավելի լավ է կարթ տանք ձուկ բռնեն, քան պատրաստի ձուկ տանք: Սա իրենք չեն ասում` Աստվածաշունչն է ասում: Բայց ելնելով մեր երկրի իրականությունից` ես վստահ եմ, որ սա չի աշխատելու: Այդ 180 միլիոն դրամը տարեկան կտրեցին այդ 20 հազար մարդուց, ավելացրին իրենց աշխատավարձերը: Ուստի այն մեխանիզմները, որոնք պիտի իսկապես մարդուն կարթ տան ձուկ բռնելու համար, չեմ տեսնում: ՀՀԿ ղեկավարությանը առաջարկում եմ հետևյալը. Երևանում կա ուսումնական կենտրոն, որը պատրաստ է այդ 18 հազարի դիմաց կանանց, աղջիկներին տարբեր մասնագիտություններ սովորեցնել և աշխատանքի տեղավորել: Առաջարկում եմ անել պիլոտային ծրագիր այդ կենտրոնի հետ, պատրաստ եմ լինել այդ խողովակը: Այդ դեպքում համապատասխան պայմանագիր կկնքվի այդ մարդու համար, գումար կփոխանցվի և մասնագիտություն կսովորեցնեն ու կտեղավորեն աշխատանքի: Եթե պետությունն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր անի, կհավատամ, հակառակ դեպքում ասում են «Хотели как лучше, получилось как всегда»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև