Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չտեսավ մարզային գրադարանի անմխիթար վիճակը

Հոկտեմբեր 28,2013 16:50

Փողերը ծախսվել են, նորոգումը կիսատ է մնացել:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Իջեւանում մասնակցեցին արվեստի փառատոնի բացմանը:

Իջեւանի Շատրվանների հրապարակից, ուր մեկնարկեց փառատոնը, 30 մ հեռավորությամբ է գտնվում մարզային գրադարանը: Սակայն վարչապետը չտեսավ գրադարանի անմխիթար վիճակը: Գրադարանի շենքի նորոգումը սկսվել է 2011 թվականի հուլիսին, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ: Այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Նորոգումը կատարվել է մեծ խախտումներով: Առաջին հարկի 2 սենյակներում, ուր տեղավորված են այցելուների սպասարկման, գրքերի մշակման եւ համալրման, մեթոդական եւ տեղեկատվական բաժինները, էլեկտրական հոսանքի լարեր չէին անցկացվել, գրադարանի աշխատակիցները ստիպված իրենք են հոսանքի գծեր անցկացրել: Նորոգված սենյակների պատերին բազմաթիվ ճեղքեր կային, նաեւ` խոնավության հետքեր: Նախասրահում գտնվող զուգարանների նորոգումն անավարտ էր մնացել: Մարզային գրադարանի երկրորդ հարկը հիշեցնում է լքված շինարարական հրապարակ: Այնտեղ սենյակներում «եվրոդռներ» եւ <եվրոպատուհաններ» են տեղադրված, սենյակներից մեկի պատուհանագոգին , դրսից ի տես, գրքեր են դասված: Նորոգման աշխատանքների կիսատ մնալու պատճառով մարզային գրադարանի գեղարվեստական գրականության մի մասը`20 հազար կտոր գրականություն, գտնվում է Իջեւանի թիվ 5 դպրոցում: Շենքի երկրորդ հարկի ամրացման նպատակով այն ցանցապատվել է, սակայն գործը կանգ է առել:
Մարզային գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանն ասաց, որ շենքի հիմնանորոգումը կատարած շինարարական կազմակերպությունը վերացրել է առաջին հարկի շինարարական թերությունները: Սակայն երկրորդ հարկում աշխատանքներ չեն արվում: Ո՞վ պետք է պատասխան տա ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող Տավուշի մարզային գրադարանի ձախողված հիմնանորոգման համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031