Հոկտեմբերի 28-ը Անիմացիայի միջազգային օրն է: Այս կապակցությամբ «Հենարան» մամուլի ակումբում մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը, անդրադառնալով Հայաստանում անիմացիոն ոլորտի ձեռքբերումներին, ասաց, որ մեզ մոտ եռաչափ անիմացիան վերելք է ապրում, ավելին` մեծ հեռանկարներ կան ոլորտի զարգացման համար:
Ըստ նրա` մեզ մոտ այս ոլորտի զարգացման վառ ապացույցը մեր ֆիլմերի միջազգային տարբեր փառատոներին մասնակցելն է. «Լավ հեռանկարներ կան այս ոլորտի զարգացման համար, պարզապես կադրերի պակաս կա: Իսկ դա պայմանավորված է աշխատատեղերի բացակայությամբ»:
Դավիթ Սահակյանցի խոսքով` վերջին քսան տարում ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծվում են ֆիլմեր թե´ երեխաների, թե´ մեծերի համար, բացի այդ` իր ուժերի ներածին չափով մուլտֆիլմեր է նկարահանում նաև «Ռոբերտ Սահակյանցի» անվան անիմացիոն ստուդիան: «Հայկական անիմացիան մի մեծ խնդիր ունի ` քարոզչության պակաս կա. քիչ է խոսվում հայկական անիմացիոն ոլորտի ձեռքբերումների մասին, բացի այդ` հեռուստաընկերությունները նախընտրում են գնել էժան ֆիլմեր կամ սերիալներ, բայց քիչ են գնում հայկական ֆիլմեր կամ մուլտֆիլմեր»,-ասաց ստեղծագործողը` հավելելով, որ ոլորտի զարգացման միակ խոչընդոտն այս պահին քիչ ֆինանսներն են.«Պետական հովանավորություն կա, բայց բավարար չէ: Դա լրացնելու համար անհրաժեշտ է մասնավոր բիզնես հատվածի աջակցությունը»:
Ֆինանսերի ոչ բավարար լինելը չի ընկճում Դավիթ Սահակյանցին, ով մի մեծ թիմի հետ այս պահին աշխատում է «Անահիտ» մուլտֆիլմի վրա, որը հիմնված է Ղազարոս Աղայանի հայտնի «Անահիտ» հեքիաթի սյուժեի վրա: Մուլտֆիլմը պահպանել է հայկական մուլտիպլիկացիայի ավանդույթներն ու ձեռագիրը:
Հայկական առաջին ինտերակտիվ հեքիաթը, որի հեղինակը ծրագրավորող Վահրամ Գևորգյանն է, հասանելի է բոլոր Apple սարքավորումների համար: «Հայկական մուլտֆիլմ արտադրողները շարունակում են հավատարիմ մնալ հայկական թեմատիկային և հենց այդ թեմատիկայով են մտնում միջազգային շուկա»,- վստահեցրեց Սահակյանցը:
Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիան հաջորդ տարի փոքրիկ հեռուստադիոտղներին կներկայացնի Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծությունների էկրանավորումը, լիամետրաժ մուլտֆիլմ կնկարահանվի Հին Հունաստանում օլիմպիական խաղերում հաղթած Վարազդատ արքայի մասին:
Նշենք, որ կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը հատուկ բաժին ունի, որը պատրաստում է անիմացիոն ոլորտի կադրեր:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ