ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Բեռլինի հայ համայնքի 90 ամյակի հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆի քաղաքապետ Ռեյնհարդ Նաումանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի ղեկավար Վարդգես Ալյանաքը:
Ողջունելով արարողության մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց համայնքի ստեղծման 90 ամյա հոբելյանը: Նա բարձր գնահատեց համայնքի կերտած պատմությունն ու նրա նորօրյա ջանքերը, հայապահպանությանն ուղղված աշխատանքի, նվիրումի և ազգասիրության համար: Նախարարը մասնավորապես նշեց. «Ձեր ջանքերի շնորհիվ է, որ գործում են մեկօրյա դպրոցներ ու մշակութային տներ, եկեղեցի ու համալսարանական հայկական կենտրոններ: Ձեր ամենօրյա աշխատանքի արդյունքում է, որ փորձում եք փոքրիկներին, պատանիներին և աղջիկներին փոխանցել ձեր լեզուն, ստեղծել մշակութային խմբեր, տեղյակ պահել պատմությանը և, իհարկե, Հայրենիք այցելելով՝ երիտասարդներին ծանոթացնել իրենց պատմական Հայրենիքին»:
Դասախոսությամբ հանդես եկավ Բոխումի Սփյուռքի և ցեղասպանության հարցերն ուսումնասիրող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Միհրան Դաբաղը:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Հրաչուհի Բասսենզը, Սիլվա Շմեդինգ-Ֆարմասյանը, Գոռ Հարությունյանը:
Բեռինում հայ համայնքը հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է 1923թ, եղել է Գերմանիայում գոյություն ունեցող առաջին հայկական համայնքը: 2006թ համայնքը վերանվանվեց «Բեռլինի Հայ Եկեղեցական և Մշակութային համայնք» այնտեղ ապրում է շուրջ 1500 հայ : Համայնքն ունի կենտրոն, որն անդամներն անվանում են «Հայ Տուն»: Յուրաքանչուր ուրբաթ ժամը Հայ Տունը հաճելի հավաքատեղի է համայնքի անդամների և բոլոր հայերի համար :
Հայ Տանը գործում է կիրակնօրյա հայկական դպրոց և պարախումբ: Վերջերս բացվել է նաև համայնքի գրադարանը, որտեղ կարելի է գտնել մանկական, ինչպես նաև հայկական գրականությանը, արվեստին, պատմությանը, լեզվին, եկեղեցուն և կրոնական թեմաներին վերաբերող գրքեր, հանրագիտարաններ : Համայնքն ունի նաև եկեղեցական երգչախումբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ