Հոկտեմբերի 28-ին կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությանը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարել են 2013թ. մրցանակաբաշխությունը 4 անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Լավագույն մանկական ստեղծագործություն («Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին») և ԱՊՀ երկրների «Լավագույն հայկական համայնք»:
Ա.Մխիթարյանը նշեց, որ «Մայրենիի պաշտպան» մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, զարգացման, սփյուռքահայ սերունդների հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում:
«Երիտասարդական/ուսանողական կազմակեր¬պութ¬յուն» մրցույթն անցկացվում է սփյուռքյան և համահայկական երիտասարդական և ուսանողական կազմակերպութ¬յունների միջև, որին կարող են մասնակցել Սփյուռքում գործող երիտասարդական կառույցները, ուսանողական կազմակերպությունները:
«Լավագույնմանկական ստեղծագործություն»՝ «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին» անվանակարգերով մրցույթները նպատակ ունեն նպաստել Սփյուռքում բնակվող հայ մանուկների մեջ հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, ազգային պատմական և մշակութային գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը, հայտնաբերել և խրախուսել Սփյուռքում ապրող տաղանդավոր հայ երեխաներին և պատանիներին:
ԱՊՀ երկրների «Լավագույն հայկական համայնք» անվանակարգում անցկացվող մրցույթի նպատակն է ի հայտ բերել, խրախուսել և համախմբել ԱՊՀ երկրներում հայապահպանության գործն առավել արդյունավետությամբ իրականացնող հայկական համայնքների, համայնքային կառույցների և կազմակերպությունների գործունեությունը, որը նպատակաուղղված է ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, համայնքի ինքնակազմակերպմանն ու համախմբմանը, հայոց լեզվի, ազգային պատմամշակութային արժեքների, ավանդույթների, սովորույթների պահպանմանը, զարգացմանը և տարածմանը:
Պարոն Մխիթարյանն ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում մասնակցել ցանկացողների թիվը, իսկ 2013թ. արդյունքների ամփոփումը կլինի դեկտեմբերին:
Վլադիմիր Աղայանը նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայերի կոնգրեսը աջակցում են Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում գիտական և ստեղծագործական մտքի զարգացմանը. «Մեր միությունը մշտապես ողջունել և աջակցել է ՀՀ սփյուռքի նախարարությանը` նմանօրինակ մրցանակաբաշխությունների կազմակերպման և իրականացման գործում»:
Բանախոսները պատասխանեցին նաև լրագրողների կողմից տրված հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ