Լրահոս
Օրվա լրահոսը

Եկմալյան 5-ի բնակիչները չեն կարողանում մտնել իրենց բնակարաններ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2013 16:21

Ekmalyan Ekmalyan-2ԲՀԿ նախկին ավագանի Անդրանիկ Խլոյանը նորակառույց շենքի մուտքի դուռը կողպել է, ասում է` շենքն իրենն է

Հինգ տարի է՝ մի խումբ բնակիչներ չեն կարողանում տեղափոխվել Երեւանի 2-րդ Եկմալյան 5 հասցեի իրենց նորակառույց բնակարանները: Բնակիչները հազարավոր դոլարներ են վճարել շենքի կառուցապատող, սակայն այս պահին կալանքի տակ գտնվող Գագիկ Պապոյանին եւ այսօր չեն կարողանում մուտք գործել իրենց բնակարաններ, քանի որ դրանք կողպված են: Պապոյանի ձերբակալությունից հետո հայտնվել է շենքի «նոր տերը»` Անդրանիկ Խլոյանը, որը, բնակիչների խոսքերով, պնդում է, որ ունի շենքի տակի հողատարածքի փաստաթուղթ, եւ բնակիչներին չի թողնում, որ ելումուտ անեն իրենց բնակարաններ: Անդրանիկ Խլոյանը, բնակիչների վկայմամբ, շենքի հոսանքը, ջուրը նույնպես կտրել է: Մինչդեռ, այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիս հրավիրած բնակիչները հավաստիացրին, որ շենքն իրենց գումարներով է կառուցվել եւ «կառուցապատման ընթացքում ոչ մի Խլոյան էլ ասպարեզում չի եղել»: Ըստ բնակիչների. «50 ընտանիք դրսում է, չնայած, որ կառուցապատողի հետ նախնական պայմանագրեր ունեն կնքած եւ նոտարով հաստատած: Մենք պարբերաբար այցելել ենք մեր բնակարաններ, այնտեղ աշխատանքներ կատարել, մարդ կա, որ արդեն հատակն է խփել՝ վերջացրել եւ մնում է կոսմետիկ ինչ-որ հարցեր լուծի, սակայն չի կարողանում տեր կանգնել իր բնակարանին: Մի օր եկանք հերթական անգամ մեր բնակարանում աշխատանքներ կատարելու, մեկ էլ տեսանք շենքի դուռը սվարկայով փակած, ինչ-որ պահակ դուրս եկավ եւ ասաց, որ չենք կարող մտնել ներս»,-վրդովված պատմում են բնակիչները: Նրանց խոսքերով՝ շենքի 90 տոկոսը կառուցված է եղել, եւ մնացել է միայն մի քանի կոսմետիկ հարդարանքներ, վերելակի տեղադրում եւ այլն, սակայն Անդրանիկ Խլոյանի պատճառով, որը նաեւ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ է, աշխատանքները հետաձգվում են, եւ մարդիկ անտեղի ժամանակ են կորցնում` չկարողանալով տեղափոխվել իրենց բնակարաններ:


Նրանք հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին կոչ են անում տեր կանգնել նախընտրական շրջանում տված խոստմանը, համաձայն որի՝ խոստացել էր հարցը լուծել, սակայն այսօր բնակիչները ում դիմում են` դատարանի ճանապարհն են ցույց տալիս:
«Դատարանի տեղը մենք գիտենք, հիմա ընթանում է Գագիկ Պապոյանի դատը եւ մեզ ասում են սպասեք մինչեւ նրա մեկ այլ գործ՝ Արամի փողոցի հետ կապված, ավարտվի: Որքան կարող ենք սպասել, ժամանակը գնում է, ոմանք 80-90 հազար դոլարներ վճարելով, հույսով, որ տուն կունենան, այսօր վարձով են բնակվում եւ անտեղի գումարներ տալիս`տուն ունենալով հանդերձ»:

Բնակիչների մեկնաբանությունները տեսանյութում.

Բնակիչների խոսքերով, շենքի 3 հարկը կառուցված է եղել, երբ «ինչ-որ հանցավոր պայմանավորվածության արդյունքում, Խլոյանը ստացել է շենքի տակի հողակտորը»:
Ըստ նրանց. «Երեւի շատ բարձր պաշտոնյաներ են կանգնած նրա մեջքին, որ կարողանում է կոծկել իր արածները եւ բնակիչներին զրկել իրենց բնակարաններից: Ուր ասես, որ չենք դիմում` նախագահին, վարչապետին, դատախազին, մեզ ոչ ոք չի օգնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031