Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Մեզի փող պետք չի, կարեւորը զինվորականներն են Պավլիկ ջան, մենք գրողին էղնինք»

Հոկտեմբեր 28,2013 16:03

«Զինվորին, աֆիցեռին, ինչքա՞ն եք աշխատավարձ տալու: Էն մարդը ասում ա`զինվորին փող տալու եք, դու ասում ես գեներալին: Մեզի փող պետք չի, կարեւորը զինվորականներն են, Պավլիկ ջան, մենք գրողին էղնինք»,- այսօր խորհրդարանում վրդովվեց ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը`զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին քննարկումների ժամանակ:

ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին խնդրեցին ներկայացնել համակարգը, քաղաքականությունը, թե ինչպես է նախատեսվում աշխատավարձերի բարձրացմամբ թեթեւացնել զինծառայողների սոցիալական բեռը, ինչի մասին առավոտյան նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պավել Սաֆարյանը սկսեց մանրամասնել, որ ՊՆ-ում աշխատավարձերն ավելի բարձր են, քան ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, փրկարար ծառայությունում ավելի բարձր ենք, քան քաղծառայությունում: Ապա, ըստ կատեգորիաների, սկսեց գաղտնի թվեր հրապարակել: «Ես հիմա կասեմ գործակիցները»,-ասաց նա:

Սեյրան Սարոյանը տեղից պոռթկաց. «Չես ասի: Ինչ պտի ասես`կասես, ինչ պտի չասես`չես ասի»: Սաֆարյանը սկսեց թվեր հայտարարել, Սեյրան Սարոյանն արձագանքեց`«Պահ»:ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց, արդյո՞ք հրապարակվածներն այն թվերն են, որոնք բյուջեի նախագծում տեղ են գտել, թե դրանք դեռ բարձրանալու են, քանի որ առավոտյան նիստում վարչապետն ասաց, որ հունվարից 10%-ով բարձրանալու են զինծառայողների աշխատավարձերը: Սեյրան Սարոյանը կրկին չդիմացավ. «Այ մարդ, մենք հարց տվինք: Պլենա. կեսս հարց ա տալի, կեսս բշտում ենք»:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով փոխնախարարին,կրկին անգամ հստակեցրեց, որ իրենց թվերը չեն հետաքրքրում, այլ քաղաքականությունը, որ հասարակության մեջ կարծիք կա, թե ԱԺ պատգամավորները խեղճ, թշվառ հասարակության հաշվին իրենց աշխատավարձներն են բարձրացնում. «Մենք քեզ ուզում ենք օգնենք, որ մի քիչ վերլուծություն, տվյալներ բերեք սոցիալական թեթեւացման մասին»:
Պատգամավորները շարունակում էին պնդել, որ փոխնախարարը խոսի քաղաքականությունից, վերջինս համառորեն թվային տվյալներ էր հրապարակում: Այստեղ չդիմացավ նաեւ ԱԺ մյուս գեներալ-պատգամավորը`Մանվել Գրիգորյանը` նկատողություն անելով Պավել Սաֆարյանին. «Ընենց հաշվարկներ ես անում, սկի Ամերիկայում չեն անում: Դու ասա` մոտավորապես ըսքան ա բարձրանում, ու վերջ»:

Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի նյարդերը չդիմացան, քննարկման կեսից նրանք դուրս եկան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031