Վաղը Գյումրիի մանկավարժական համալսարանում կկայանան դեկանի ընտրություններ: Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի թափուր տեղի համար ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի (լուսանկարում) մայրը՝ Թամարա Մելիքյանը: Տիկին Մելիքյանը ռուսաց լեզու է դասավանդում այս բուհում:
Հիշեցնենք , որ անցյալ տարի մեծ սկանդալ էր ծագել այս ֆակուլտետում, անգամ քրեական գործ էր հարուցվել, քանի որ օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանը, հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ էր ստացել: Արդյունքում աշխատանքից ազատվել էին օտար լեզուների ֆակուլտետի դեկան, ճանաչված մասնագետ Սայա (Սահականուշ) Գրիգորյանը , ինչպես նաեւ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը, ով «հեռակա կարգով» գնահատական «ստացած» ուսանողուհու մայրն էր: Ինչ վերաբերում է տիկին Մելիքյանին, հենց նա էր եղել ուսանողուհուց անմիջական քննություն ընդունողը եւ նրա ստորագրությամբ էր գնահատականը նշանակվել, սակայն սկանդալը ավարտվեց նրանով, որ որոշ մասնագետներ ազատվեցին աշխատանքից, գործն էլ կարճվեց, իսկ պատգամավորի մայրն անմասն մնաց այդ ամենից:
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը հաստատեց, որ վաղն իսկապես բնաշխարհագրական եւ օտար լեզուների ֆակուլտետների դեկանների ընտրություններ են կայանալու, ու յուրաքանչյուր ֆակուլտետի համար մեկական թեկնածու է առաջադրվել:
«Այո մեկ թեկնածու է, բայց որեւէ մեկը որեւէ մեկին չի արգելել թեկնածություն առաջադրել, եթե առաջադրվել են մեկական թեկնածուներ, չես էլ կարող ընտրությունները չկազմակերպել: Գիտխորհրդի նիստը վաղը ժամը երեքին է, այն բաց է, ցանկացողները կարող են լուսաբանել»,-հայտնեց ռեկտորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ մնացյալը լռություն է…