«Վաղուց ժամանակն էր, որ այս կառավարությունը սուրճ խմելու գնար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ժամանակը չէ՞ արդյոք, որ կառավարությունը հրաժարական ներկայացնի:
Հիշեցնենք, որ տարեսկզբին նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե կառավարությունը տարեվերջին յոթ տոկոս տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա: Այսօր խորհրդարանին ներկայացվեց 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի ընթացքում պարզ դարձավ, որ մինչեւ տարեվերջ նախագահի սահմանած նշաձողը կառավարությունը չի կարողանալու ապահովել:
«Ներկա կառավարության նկատմամբ մեր անվստահությունը բավական երկար ժամանակվա պատմություն ունի : Մենք չենք վստահում ներկա կառավարությանը եւ բազմիցս ենք դրա մասին ասել, եւ դրա վերաբերյալ մենք ներկայացրել ենք հարցադրումներ: Հանրապետության նախագահի կողմից առաջ քաշված ոչ միայն 7 տոկոսանոց տնտեսական աճը, այլ նաեւ եկամուտների առաջանցիկ բարձրացումը, համեմատումը գնաճի հետ պահպանված չեն, պաշտպանված չեն: Մնացածը, թե ինչո՞ւ ներկա կառավարությանը տուն չի ուղարկում, դա պետք է ասի պարոն Սարգսյանը»,- շարունակեց Արծվիկ Մինասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ