Ջուլիետա եւ Ռազմիկ Դավթյանների փաստաբան Ժաննա Օհանյանն այսօր ՀՀ փաստաբանների պալատում ասուլիս էր հրավիրել:
Փաստաբանն ասաց, որ իր վստահորդները՝ քույր եւ եղբայր Դավթյանները, իրենց բնակարանը 1997 թ.-ին պահ են տվել իրենց ազգականին՝ ՀՀ ՊՆ քննչական 4-րդ կայազորային բաժնի ավագ քննիչ Գեւորգ Բարսեղյանին, եւ մեկնել են Բելառուս:
Երբ 2009թ-ին նրանք վերադարձել են Հայաստան, իրենց բնակարանը տեսել են թալանված, մոտ 5 միլիոն դրամի նյութական արժեքներ են պակասել այդտեղից, իսկ բնակարանն էլ «հուսալի» ազգականը վարձակալության էր տվել մի քանի անձի:
Իրերի մեջ կային արժեքավոր նկարներ:
«Քանի որ Գեւորգ Բարսեղյանն աշխատում էր ՊՆ -ում, գործը քննվել է ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում, գողության հատկանիշներով, սակայն, գործ չի հարուցվում, քրեական հետապնդում չի իրականացվում, հանցակազմի բացակայության հիմքով մերժվում է քրեական գործ հարուցելու մասին Դավթյանների պահանջը»,-ասում է փաստաբանը:
Փաստաբանի կարծիքով հնարավոր ամբաստանյալ- քննիչի արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներ՝ հոդվածի ՝ յուրացնելը կամ վատնելը հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակություն զգալի չափերով:
Դավթյանները դիմել են նախկին զինդատախազին, դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, դիմել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ փաստաբանի, քննիչը դատական գործընթացների ժամանակ վիրավորել է իր վստահորդների պատիվն ու արժանապատվությունը, տարածել ապատեղեկատվություն:
«Իմ վստահորդը հանցագործ կարող է դառնալ, եթե պաշտպանության նախարարության քննիչի գործողություններն ի հայտ չգան»,-ասում է Ժաննա Օհանյանը:
Մեր հարցին, թե արդյոք քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացվե՞լ է եւ կամ հատուկ քննչական ծառայությանը դիմե՞լ է կողմը, փաստաբանն ասաց, որ ծառայողական քննություն անցկացվել է, իսկ քննչական բաժինն էլ ուներ հատուկ գործերով բաժին, ուր կատարվել է քննությունը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը նշանակված է քաղհայցի քննությունը, Դավթյանները պահանջում են իրենց ավերված-թալանված բնակարանը բերել նախնական վիճակին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ