Այսօր հրավիրած ասուլիսում Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, հայտարարեց, որ գործը գնում է դեպի փակուղի. «Իմ հորեղբայրը որեւէ փակ գործ չի ունեցել, բայց իրավապահ մարմինները, չգիտեմ ինչու, ասում են, որ ինչ-որ բան կա, որ մենք չենք ասում: Եթե ուզենան գործը բացահայտեն՝ կբացահայտեն»:
Aravot.am-ը հետաքրքրվեց ՝ համեմատություններ են տարվում Հրաչ Մուրադյանի սպանության գործի, Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի հետ, արդյո՞ք այս գործն էլ չի արժանանա նույն ճակատագրին եւ թելի կծիկը որքանո՞վ է հնարավոր բացել, եւ ինչքանո՞վ ըստ ձեզ, իշխանական մարմինները կապ ունեն այս սպանության հետ: ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում նման քաղաքական գնահատականներ տալ: Հոկտեմբերի 27-ի ակնհայտորեն գործն այլ գործ է, Մարտի 1-ի գործը՝ այլ: Ամեն մի հանցագործություն առանձնակի է: Մենք տեսնում ենք այնտեղ հնարավոր որոշակի քաղաքական տարրեր: Մեզ փորձում են հավաստիացնել, որ ամեն ինչ փորձում ենք անել, բայց տեսնում ենք 7 ամիս անցել է, բայց ռեալ բացահայտում չկա: Այս ակցիաներն ինչու ենք անում, որ հասարակության պահանջը, ուշադրությունը սեւեռենք: Բայց իրավունք մեզ չենք վերապահի միանշանակ գնահատական տալու, որովհետեւ իսկապես ուզում ենք, որ այս գործը բացահայտվի: Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք»:
Փաստաբան Մելանյա Առուստամյանի (լուսանկարում՝ ձախից) դիտարկմամբ՝ «Որպես Մարտի 1-ի գործով փաստաբան՝ ասեմ, որ այս գործերը տարբեր են, որովհետեւ այն գործով նախաքննական մարմինը ջանք չէր խնայում ապացույցներ ստեղծելու, իսկ այս գործով չեմ տեսնում, որ նախաքննական մարմինը որեւէ նման ջանք թափի»:
Նա հայտարարեց, որ գնալու են մինչեւ Եվրոդատարան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ