Վաղը «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժումը բողոքի երթ է կազմակերպում օպերայից նախագահական: Նրանք պահանջելու են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի՝ այս տարի ապրիլի 2-ին կատարված սպանության բացահայտում:
Այս առնչությամբ այսօր Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետրոսյանը, որը Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո ազատվել է աշխատանքից, հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ այսօր Պռոշյանում շատ վատ մթնոլորտ է. «Մանկապարտեզում ճնշումների, աշխատակազմի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի հետեւանքով շատերը դիմում գրեցին: Գյուղում մի մթնոլորտ է, որ ստիպողաբար աշխատանքից ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ կապ ունեցող անձինք: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Հրաչ Մուրադյանի սպանությունն ուներ քաղաքական ենթատեքստ»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանի խոսքերով՝ այս սպանությունը 2010-ի դեպքի շարունակությունն է: Այն ժամանակ վրիպել էին. «Հնարավոր է, որ մեքենայի մեջ գտնվել են մեկից ավելի անձինք: Վարորդը չի կրակել, կրակել է այնտեղ նստած անձը: Հանցագործության մոտիվը ծառայողական պարտքի հետ կապված է: Բնականաբար, ծառայողական պարտքի հետ կապված սպանությունը չի կարող միայնակ իրականացվել»:
Մելանյա Առուստամյանը նաեւ հայտարարեց, որ քննությունն իր ամբողջ ծավալով չի աշխատում, մինչդեռ պետք է պետությունը ջանքեր ներդներ՝ ամբողջ ծավալով քննություն իրականացնելու համար. «Վախի մթնոլորտ կա, մարդիկ չեն ուզում գրավոր կամ բանավոր հարցում անել, վախենում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ