«Եթե փորձեմ անուն տալ, ապա սա, ըստ իս, լոմբարդային բյուջե է, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ ողջ գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, շոշափվում են վարկեր, բրոկերներ և այլն»,- Panorama.am-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի նախագծին, որն այսօր ներկայացվեց խորհրդարանի դատին: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ միշտ էլ կարելի է տարբեր պատճառաբանություններ բերել և ասել, թե ինչու նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, մինչդեռ 2013թ-ի բյուջեում կառավարությունը նոր վերնագիր ներմուծեց` արտաքին ռիսկեր, ու իր համար արդեն իսկ կանխատեսելի էր այդ բյուջեի չկատարումը և նախանշված 7 տոկոս չապահովելը. «Եվ կանխատեսելի էր, որ այդ դեպքում բնականաբար պետք է հղում արվեր արտաքին ռիսկերին: Ես չեմ կարծում, որ սա լուրջ մոտեցում է»:
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից բյուջեի նախագծի ներկայացմանը Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի կարծում, թե բյուջեն պետք է ավելանա ստվերի կրճատմամբ. «Ես հարց ունեմ` ի՞նչն էր խանգարում այս կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ և առհասարակ` դրա նախորդ տարիներին: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով ու ճնշումներով, հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա: Այսօր հենց իրենք խոստովանեցին, որ մասնավոր ներդրումները ուղղակիորեն կատաստրոֆիկ վիճակում են, և ի՞նչ երաշխիք կա, որ 2014- ին իրենց հաջողվելու է ստվերի դեմ արդյունավետ պայքարել»:
ԲՀԿ-ական պատգամավորը մեջբերեց վարչապետի մեկ այլ հայտարարություն ևս, թե հաջորդ տարվանից նախատեսվում է հայտնաբերել ռիսկային ոլորտներ և ստուգումներ անցկացնել հենց այդտեղ. «Սա անուղղակի խոստովանություն է, որ մինչև այդ ստուգումներ արվել են համատարած, ով երբ ցանկացել է, ինչ ստուգող կազմակերպություն ցանկացել է՝ արել է, և այդ պատճառով այսօր մենք ունենք կոտրված ողնաշարով փոքր և միջին բիզնես»:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցությունն իր տեսակետը կարտահայտի, խմբակցությունը վաղը կքննարկի նախագիծը, բայց ինքն անձամբ լավատես չէ, որ այս բյուջեն կատարվելու է, և նախանշված ցուցանիշները չեն արժանանալու 2011, 2012 և 2013թթ ցուցանիշների ճակատագրին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ