«Հրաչ Մուրադյանի սպանությունից 7 ամիս է անցել: Մենք մինչեւ հիմա առավելագույնս փորձել ենք զուսպ հետեւել նախաքննությանը եւ որեւէ միջամտություն չենք արել: Նախաքննության շահերից ելնելով՝ փորձել ենք շատ չխոսել այս մասին: Բայց փաստաբանի եզրակացությունը փորձաքննության մասին միակողմանի է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժման քայլերը:
Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր, Պռոշյանի գյուղապետը, որին այս տարվա ապրիլի 2-ին առավոտյան սպանել էին գյուղապետարանի դիմաց:
Նրա խոսքերով՝ «Այս սպանության բացահայտումը մեր պետության, իրավապահ մարմինների պատվի գործն է, չի կարող չբացահայտվել: Իրավապահ մարմինները կարող էին շատ ավելի ամբողջական նախաքննություն իրականացնել: Ժամանակ է անցնում, մարդիկ են հեռանում Հայաստանից, մարդիկ են պաշտոնի նշանակվում, որոնք կարող էին այս կամ այն բաներից իմանալ, մենք այստեղ բաց ենք տեսնում»: Նա տեղեկացրեց, որ Պռոշյան համայնքի նախաձեռնությամբ վաղը շարժումը կազմակերպում է ակցիա՝ բողոքի եւ պահանջի երթ՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից դեպի նախագահական:
Աղվան Վարդանյանը հարցին, թե ինչքանո՞վ են վստահում դատական համակարգին՝ պատասխանեց. «Իրավապահ մարմինները բազմիցս հավաստիացրել են, որ իրենք անում են առավելագույնը, բայց մենք այստեղ բացեր տեսնում ենք: Օրինակ, դեպքի վայրում եղած մարդը, որ, անպայման, պետք է տեսած լիներ, ցուցմունք չէր տալիս, եւ այդ մարդն այսօր Հայաստանում չէ»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այս ընթացքում իրենք քիչ են խոսել Հրաչ Մուրադյանի սպանության մասին, բայց հանդիպումներ են ունեցել բազմաթիվ. «Հանդիպել ենք ոստիկանապետի հետ, փոխոստիկանապետերի, վարչության պետերի հետ: Այսօր հանդիպում ենք ունենալու նաեւ գլխավոր դատախազի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ