Տարեսկզբին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը յոթ տոկոս տնտեսական աճ չապահովի, ապա պետք է հրաժարական ներկայացնի:
Այսօր լրագրողները ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին`ժամանակը չ՞է որ կառավարությունը հրաժարական ներկայացնի: «Ժամանակն է, որ մենք բոլորս իրար հետ աշխատենք: Կառավարությունը հրաժարական կներկայացնի՞, չի ներկայացնի, ինչպիսի՞ զարգացումներ կլինեն`թողնենք ապագային: Իշխանության խնդիրը պետք է լինի ինտենսիվ բարեփոխումների անցկացումը, որպեսզի մեր, ձեր, հասարակության վիճակը էականորեն լավանա»: Դիտարկմանը, որ երկու ամիս է մնացել, Շարմազանովը հակադարձեց, որ Սերժ Սարգսյանն, իբրեւ ՀՀ նախագահ, քաղաքական պատվեր է իջեցրել:
Արդարացի չի՞ լինի նման ցուցանիշների, ըստ էության, բյուջեի եւ տնտեսության տապալման պայմաններում կառավարության հրաժարականը, Շարմազանովն ասաց, որ բյուջեն եւ տնտեսությունը տապալված չեն, եւ հրաժարականներն էլ ինքնանպատակ չպետք է լինեն. «Կան ցուցանիշներ, որոնց չեն հասնում սուբյեկտիվ աշխատանքի պատճառով, բայց կան ցուցանիշներ էլ, որոնց չեն հասնում օբյեկտիվ պատճառներով, ու քաղաքական մեծամասնության խնդիրն այժմ ոչ թե վերլուծություն անցկացնելը պետք է լինի, այլ իրատեսական քայլեր ձեռնարկելը»:
Aravot.am-ի հարցին` նաեւ քաղաքական ուղղության` Մաքսային միություն մտնելու հետ կապված չի՞ տեսնում տնտեսական թիմի փոփոխության անհրաժեշտություն, քանի որ այս թիմը չորս տարի աշխատում էր եվրաինտեգրման ուղղությամբ`բացառելով Մաքսային միությանն անդամակցությունը, իսկ հիմա ստիպված է քաղաքական որոշման համար տնտեսական պատճառներ հորինել: «Իշխանությունում, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմում, հնարավոր են կադրային վերադասավորումներ: Էդուարդ Շարմազանովն էլ ամբողջ կյանքը չի լինելու ԱԺ փոխնախագահ, պատգամավոր: Մի օր էլ կարող է լինել գործազուրկ: Ինչ վերաբերվում է ձեր դիտարկմանը` չկա այս կամ այն թիմ: Կա մեկ թիմ, դա ՀՀԿ-ն է, մեծամասնությունը, որի ղեկավարը հանրապետության նախագահն է: Մենք իրականացրել ենք քաղաքականություն, որն ուղղված է եղել մեր պետության շահերին եւ ասել, որ այս տարիների ընթացքում իրականացվել է քաղաքականություն, որը դեմ է եղել ՀՀ-ի`ՄՄ-ին անդամակցությանը… տնտեսական թիմն իրականացրել է քաղաքական մեծամասնության քաղաքական պատվերը: Չկա առանձին կառավարության թիմ, ԱԺ-ի թիմ: Մեր բոլոր գործընկերները, սկսած ինձնից, ովքեր լավագույնս չեն կարողացել իրականացնել իրենց գործառույթները, բնական է…»: Դիտարկմանը, արդյոք այն, որ փոփոխություններ չեն եղել, նշանակում է, որ թիմը լավագույնս է աշխատել, պարոն Շարմազանովը վկայակոչեց կառավարության ձեւավորման ժամանակ եղած վերջին փոփոխությունները`զերծ մնալով անձերի վերաբերյալ մեկնաբանություններից: Նա նաեւ հավելեց, որ տարվա վերջում կերեւա`դրանք բավարարո՞ւմ են հասարակությանը, թե`ոչ: Կոնկրետ Շարմազանովին բավարարո՞ւմ են այդ փոփոխությունները եւ ներկայիս իրավիճակը`նա պատասխանեց. «Եթե մի իշխանության ներկայացուցչի բավարարում է իրավիճակը, որտեղ 32%-ից ավելի աղքատություն կա, ուրեմն, նա`լինի իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ, պիտի փասա-փուսան հավաքի ու գնա իրենց տուն: Չի կարող ինձ բավարարել իմ երկրի իրավիճակը, որտեղ կան աղքատներ, կոռումպացված չինովնիկներ, արդարադատության հետ կապված խնդիրներ: Իմ խորին համոզմամբ, գնալով այդ երեւույթների դեմ պայքարը բարելավվում է, եւ դա արձանագրված է նաեւ ԵԽ-ի վերջին բանաձեւում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ