Լրահոս
Օրվա լրահոսը

Մի լիգան մեկ այլ լիգայի աղանդ հայտարարեց

Հոկտեմբեր 28,2013 13:20

Այսօր «Ֆորում» ակումբում Միացյալ երիտասարդական լիգայի (ՄԵԼ) համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը խոսեցին հետեւյալ թեմայով՝  ինչ ազդեցություն կարող են թողնել այն աղանդները, որոնք գործունեություն են ծավալում նաեւ դպրոցներում: Սեւակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Պռոշյան համայնքի մի  եւ Երեւանի  որոշ դպրոցներում  ծիլեր է գնցել նոր աղանդ, որի հիմնադիրը նկարիչ  Նիկոլայ Ռերիխն է:

Ըստ բանախոսի. «Խոսքը «Մշակութային լիգա» աղանդի մասին է, որը հակաքրիստոնեական  է: Պռոշյան գյուղի դպրոցում, Երեւանի դպրոցներում նրանք ունեն մարդկանց որոշակի  թիվ: Հայտնի աղանդագետները դա համարում են վտանգավոր պաշտամունքներից մեկը: Вконтакте եւ Facebook սոցիալական ցանցերում այդ խմբերը էջեր ունեն»:

Սեւակ Հովհաննիսյանի ասելով, մարդկանց շփոթության մեջ է գցում Մշակութային լիգա անվանումը, քանի որ մարդիկ կարծում են, որ դա զուտ մշակութային կազմակերպություն  է:

Սեւակ Հովհաննիսյանը ասաց, որ կրոնական այդ ուղղության մասին լիգային տեղեկացրել է Պռոշյան գյուղի աշակերտներից մեկի ծնողը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այցելե՞լ են  դեպքի վայր, իրազեկե՞լ են այդ մասին Մայր աթոռին, ԿԳ նախարարությանը: ՄԵԼ համանախագահն ասաց, որ տեղեկացրել են Մայր աթոռին,  պատրաստվում են նաեւ ԿԳ նախարարությանը եւս դիմել, իսկ  Մշակութային լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպումը չի ստացվել:

Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով, նման շարժումները ի հայտ են գալիս տարբեր պատճառներով. «Օրինակ,  եթե մարդը ունի ներանձնային եւ սոցիալական խնդիրներ, միայնակ է զգում… Բոլորս հիշում ենք, թե  ինչպես նրանք սկսեցին գործել Հայաստանում. փողոցներում շրջելով հետեւորդներ  էին հավաքում: Իրենք տրամադրում էին հագնելիք եւ ուտելիք, դրա համար էլ մարդիկ էին ներգրավում: Աղանդը մարդկանց զոմբիացնելու միջոց է, այն պետք է մի խումբ մարդկանց, որպեսզի  հասնեն իշխանության:  Արտերկրում եւ Ռուսաստանում կառուցվել են վերականգնողական կենտրոններ,  վաղուց ժամանակն է, որ մեզ մոտ էլ լինեն: Մենք քրիստոնեություն ընդունած ժողովուրդ ենք, իսկ աղանդները մեզ զրկում են մեր արմատներից»: Տիկին Ծատուրյանն ասաց, որ ժամանակին, երբ ինքը ողբերգություն է ունեցել ու միայնակ զգացել, նման մի պաշտամունքային խումբ փորձ է արել իրեն շահագրգռել ու իր կողմը գրավել, բայց ինքը այդս քայլին չի գնացել, քանի որ լավ գիտեր Աստվածաշունչ:

Ինչ վերաբերում է Սեւակ Հովհաննիսյանին, նա այս ասուլիսում կրկնեց նախորդ ասուլիսներում ծեծված տեղեկատվությունը: Aravot.am-ի հարցին՝ ավելի գրագետ չէ՞ր լինի վիդեո, ֆոտոփաստերով  ներկայանալ ասուլիսի, Սեւակ Հովհաննիսյանը պատասխանեց, թե փաստերի հավաքման փուլում են: Լրագրողների հարցին՝ ո՞վ է իրեն լիազորել նման հայտարարությւոններ անել եւ այս կամ այն գործչին, շոու բիզնեսի ներկայացուցչին աղանդավորի պիտակ կպցնել ու հետո էլ հերքել, Սեւակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայ ժողովուրդը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031