Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. «Պուտինը չարաչար սխալվում է»

Հոկտեմբեր 28,2013 13:16

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, «Առավոտի» հարցին, թե որքանո՞վ եք իրատեսական համարում Մաքսային միության ընդլայման մասին խոսակցությունները, որ ծավալվեցին նախորդ շաբաթ՝ Մինսկում, երբ ասվեց, որ ՄՄ-ին միանալու ցանկություն են հայտնել Թուրքիան, Հնդկաստանը, Սիրիան, պատասխանեց. «Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ աշխարհն արդեն արագորեն գլոբալացվում էր, և հասկանալի էր, որ սահմանների, սահմանապահ զորքերի ու մաքսերի,երբեմն՝ արտոնագրերի,  ներմուծումը նորաստեղծ պետությունների միջև՝ ետընթաց է, արվում է, որպեսզի հարուստները հարստանան, կեղեքիչներն ամրապնդվեն, բնակչությունը թերզարգանա, թերսնուցվի, որ չկարողանա քննադատորեն մոտենալ կեղեքիչին, եթե հնարավոր է՝ պատերազմներ սանձազերծվեն, որ բնակչություններն էլ ավելի տուժեն, որ բնակչության կարևոր մասերը մարգինալանան մեկընդմիշտ և չլինեն մրցակից՝ «նուվորիշներին»:  Երբ աշխարհը ձգտում է ավելի արդար համակարգի՝ նա քանդում է սահմանները, չզոհաբերելով ինքնիշխանությունն առանձին անդամների: Երբ քանդվում են սահմաններն ինքնիշխանության զոհաբերմամբ՝ դա իմպերիալիզմ է կամ նեոիմպերիալիզմ: Իսկ երբ սահմանները քանդվում են ինքնիշխանության պահպանմամբ՝ դա ապահովում է առաջընթաց: Բացատրեմ, թե ինչու: Ավտարկիայի միջոցով, սահմանը փակ պահելով հարստանալը՝ ռենտի կորզում է ժողովրդից: Ուզում ես հարստանալ՝ սահման դիր ու անցնող-դարձողից մուծվել պահանջիր: Դա ջլատում է ժողովրդին: Թանկացնում է ամեն բարիքի գինը: Դա փաստորեն ռեկետ է: Իսկ երբ սահմանները բաց են՝ ամենուր՝ գներն ընկնում են: Մրցակցությունը թեժանում է: Սահման է նաև, ասենք, կաստայական համակարգը՝ երբ որոշակի մարդիկ իրենց ծագման պատճառով չեն կարող որոշակի սոցիալական բարձունքի հասնել: Ասենք՝ կինը չի կարող բարձրագույն կրթություն ստանալ: Երբ դա վերանում է՝ ուղղահայաց մոբիլություն է հաստատվում՝ հասարակությունն առաջընթաց է արձանագրում: Ո՞վ է տուժում նման դեպքերից: Նա, ով անարդար կերպով էր օգտվում բարիքից՝ երբ բոլորին այդ բարիքը հասանելի չէր: Ամենաանշնորհքն ու անտաղանդը՝ որ նստել էր սահմանի վրա ու ասում էր՝ փող տուր, թե չէ չես անցնի, կամ՝ սա քեզ համար չէ: Նա դուրս է քշվում պատմության կողմից: Գալիս են մրցակցության պատրաստ լիքը այլ մարդ. նրանք մրցում են: Նրանք հաճախ ագրեսիվ են: Բայց ստեղծվում է տաղանդապետություն՝ մերիտոկրատիա, այն դեպքում՝ եթե պետությունը կամ նրանց խումբը հետևում է այդ մրցակցությանը և այն կարգավորում՝ որ էլի գիշատիչները չհասնեն ու չմոնոպոլացնեն ամեն ինչ: Եվ հետաքրքիր բան է կատարվում. այն «անտաղանդները», որ այդ մրցույթից դուրս են մնացել՝ նույնպես զարգանում են, եթե ուզում են: Նույնպես կարողանում են ձգտել ու հասնել: Երբ սահմանները բաց են՝ գործունեության ասպարեզները ձգտում են անսահմանության: Դա է, որ կոչվում է բաց շուկայական համակարգ: Եվ ողջ աշխարհն է արդյունքում զարգանում: Դա Ադամ Սմիթի օրենքն է՝ մոբիլային հեռախոսը հորինվել է մի երկրում՝ բայց ողջ աշխարհին այն օգուտ է. այլևս չմնաց աշխարհում գրեթե կետ՝ որտեղ կապ չկա: Եթե լիներ միայն լարային հեռախոսը՝ այդ հարցը երբևէ չէր լուծվի: Որովհետև անտաղանդ մարդ կամ հասարակություն չկա: Մեկը մոբիլային կհորինի՝ մյուսը մարդու կյանք կփրկի շնորհիվ նրա գոյության: Անտաղանդության զգացումը՝ դա ներքին ուժերին չհավատալն է, այն էլ՝ հասարակության ազդեցությամբ. երբ բոլորը քեզ ասում են, որ դու անտաղանդ ես՝ եթե ուժեղ մարդ կամ հասարակություն չես՝ սկսում ես դրան հավատալ: Դրա համար ես դեմ եմ, երբ ասում են՝ Հայաստանը բաց մրցակցության մեջ կպարտվի: Կամ ասում են՝ Հայաստանը փոքրիկ է, թույլ: Ոչ: Ընդհակառակը: Բաց մրցակցության դեպքում՝ տաղանդի նոր ակունքներ կբացվեն: Դա տրիվիալ է»:

Այնուամենայնիվ, եթե հանկարծ իսկապես Թուրքիան մտնի Մաքսային միություն, դա ի՞նչ կփոխի՝ հարցին պարոն Տեր-Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե Թուրքիան կամ Հնդկաստանը մտնեն Մաքսային միություն՝ դա բնական ընթացքը կլինի այն պրոցեսի՝ որի արդյունքում Մաքսային միությունն աստիճանաբար կսերտաճի Եվրոպական միության հետ (առևտրային մեկ ընդհանուր գոտում): Դա նաև կբերի Ռուսաստանի՝ ավելի համեստ և բալանսավորված դերակատարման: Սակայն տվյալ պահին դա թվում է քիչ մը հեռու հեռանկար՝ քանի որ այդ երկրների քաղաքական իշխանությունն արտահայտող անձինք նման մասշտաբային գաղափարների չափով չեն մտածում և գործում: Նրանք պարզապես սիրում են փոխանակել գեոքաղաքական գաղափարներ՝ ինչպես «Ոսկե ցլիկի» ղառի ժիլետներով ծերուկները՝ որ ասում էին, որ իրենք Բրիանի բերանը իրենց մատը չէին դնի: Դա նաև շահավետ է նրանով՝ որ ժողովրդի լիքը մասեր կսկսեն նման գաղափարներ քննարկել (իսկ ժողովուրդը սիրում է սին գեոքաղաքականություն՝ Ավստրիա, Չեխիա, Չեմբեռլեն, բան)՝ և էլ ավելի կշեղվեն ավելի առաջնային խնդիրներից, որոնք իրոք կարող են բերել բաց մրցակցության: Եթե Պուտինը կարծում է, որ Հնդկաստանի՝ Մաքսային միություն մտնելով Ռուսաստանի իմպերիալիստական դերը կմեծանա՝ նա չարաչար սխալվում է: Եթե ուզում է մրցակից կառուցել Եվրամիությանը՝ չարաչար սխալվում է: Եթե ուզում է պարտնյոր կառուցել՝ և համաձայն է, որ որոշումներն արդար ընդունվեն՝ ապա ուրիշ բան: Բայց քանի որ մենք նրան ճանաչում ենք՝ կարող ենք միայն հույս ունենալ՝ որ նա կսխալվի, կկարծի թե իմպերիա և ԵՄ-ին մրցակից է կառուցում՝ բայց կկառուցի պարտնյոր ու Ռուսաստանը ստիպված կդեմոկրատանա՝ ուժեղ կողմնակիցների հետ գործ ունենալու կարիքից: Արդեն տեսնում ենք, որ հակասությունները Ռուսաստանի և Ղազախաստանի միջև՝ այդ են հուշում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Տեր-Գաբրիելյանի հետ հարցազրույցի մնացած հատվածը կարդացեք վաղվա «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    տպավորություն է, որ երբևէ իրա տնից դուրս, նույնիսկ իրա սենյակից չեկած մարդու ֆանդազիա է…
    ինչ՞ եվրոպա, ի՞նչ ազատ մրցակցություն…
    ուսենց մարդիկ հարցազրույց են տալիս, ու էլ ավելի մոլորեցնում օդր մեջ ապրող ոչոշակի թվով ջահելներին:
    Եվրոպական-գլոբալիզացման մասով ոնց որ Բենդեռի ելույթը լիներ Վասյուկիում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031