«Դա չի կարող որակվել որպես ճիշտ քայլ: Սա սխալ քայլ է: Կարելի էր կիրառել տարբերակված մոտեցում. աշխատունակներին դուրս թողել նպաստի համակարգից, իսկ նրանք, ովքեր իզորու չեն աշխատելու, նրանց շարունակել նպաստ տալ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործազուրկների 18 հազար դրամ նպաստների ինստիտուտը օրենքով վերացնելուն՝ հայտարարեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանը հակադարձեց. «Հասարակությունը պարտավոր չէ պորտաբույծներին պահել: Մյուս կողմից էլ նպաստների ինստիտուտը որպես այդպիսին ոչ թե վերացվել է, այլ նույն միջոցները ուղղվել են նրանց, ովքեր ուզում են աշխատել: Դրանք ուղղվել են դեպի նոր աշխատատեղեր, վերաորակավորման ստեղծում»:
Պարոն Բոստանջյանը նկատեց, թե «հասկանալի է, որ պարոն Բադեյանենք վաղը պետք է կողմ քվեարկեն, դրա համար նա այսպիսի կարծիք է հայտնում»: Շարունակելով միտքը՝ պարոն Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ այդ քայլը պետք էր կտրուկ չանել, իսկ Մանդել Բադեյանը հակադարձեց, թե այդ քայլը «հենց կտրուկ պիտի արվեր»: Որպես հակափաստարկ պարոն Բադեյանը պատմեց, թե ինչպիսի իրավիճակներում է ինքը հայտնվել. «Երբ այդ մարդկանց հարցնում ենք՝ ինչո՞վ օգնենք, ասում են, ասեք, թող Փարոսն ավելացնեն: Հերի՛ք է: Այս տրամաբանությունը որոշ տեղերում նույնիսկ գերակշռում է»:
Հարցին՝ ՀՀ ԱԺ պատգամավորների քանի՞ տոկոսն էր արժանի, որ նրանց աշխատավարձը բարձրանար, պարոն Բադեյանը պատասխանեց. «Մեր քաղաքական համակարգը պառլամենտական ընտրությունների վրա է հիմնված: Առանց պառլամենտ հնարավոր չէ: Չեմ ուզում վիճել, որ կան մարդիկ, որոնք չեն առնչվում պատգամավորական աշխատանքին: Բայց պատգամավորի աշխատավարձը տարբերակվում է խառատի աշխատավարձից, եթե խառատի աշխատանքը կարելի է չափել, ապա պատգամավորինը հնարավոր չէ»:
Վարդան Բոստանջյանն էլ նշեց, թե միայն ստրուկի հոգեբանության տիրույթում կարող են մտածել, որ աշխատավարձը ցածր լինի: Հարցին՝ պե՞տք էր, որ Սամվել Ալեքսանյանի աշխատավարձը բարձրանար, պարոն Բադեյանը նշեց՝ այո: Ու Վարդան Բոստանջյանն ու Մանվել Բադեյանը միաձայն պաշտպանեցին Ս. Ալեքսանյանին, թե նրա նման «տղաները, որ չլինեն …..գնացեք դուք էլ նման մարդ դարձեք »:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ