Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը խնդրեց խիստ չդատել. «Առաջին անգամ մենք ներկայացնում ենք ծրագրային պետբյուջեի նախագիծ»

Հոկտեմբեր 28,2013 12:14

«Առաջին անգամ մենք ներկայացնում ենք ծրագրային պետբյուջեի նախագիծ: Սա նոր մոտեցում է»,- այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թե ինչ է դա նշանակում, վարչապետն ասաց, որ լրացուցիչ պարտավորություններ են դրվում բոլոր գերատեսչությունների առջեւ`ավելի վերահսկելի դարձնել բյուջետային միջոցների ծախսումը:

Վարչապետը պատգամավորներին խնդրեց խիստ չդատել իրենց, քանի որ երեք տարի է անհրաժեշտ լինելու ծրագրային համակարգի ամբողջական ներդրման համար: Եկող տարվա բյուջեի հիմնական առանձնահատկություններից մեկն էլ Մաքսային միությանը միանալու քաղաքական որոշումն է, որի արդյունքում օրենսդրական մի շարք փոփոխություններ պետք է լինեն`համապատասխանեցնելով դրանք քաղաքական որոշմանը:
2013 թ. բյուջեի կատարողականի բնութագրիչ հանգամանքը նախորդ տարվա համեմատ, ըստ վարչապետի տնտեսական ցուցանիշների տեմպերի նվազումն է: Պատճառը`արտաքին գործոնների ազդեցությունն է. Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են բոլոր տնտեսական ցուցանիշները: Ապա նաեւ տեղական գործոնների ազդեցությունը, որոնցից մեկն էլ  բիզնես միջավայրի բարելավման ոլորտում առկա չլուծված խնդիրներն են: Նույնիսկ նահանջ կա:

Մասնավոր ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին հինգ տարիներին, ըստ Տիգրան Սարգսյանի, փայլուն ձեւով նվազում է, ինչը, պարզվում է, կառավարությանը մտահոգում է: Չնայած թվային արտահայտությամբ միջազգային կառույցներում, ըստ վարչապետ,ի բարվոք դիրքերին`40-րդ հորիզոնականում ենք, բայց վարչապետն ասում է, որ պարտավոր ենք լինել քսանյակում: Երկրորդ հանգամանքը`ոչ հավասարաչափ բաշխումն է: Բիզնես միջավայրի ցուցանիշի տեսակետից ունենք նաեւ բյուրոկրատիայի բարձր աստիճան, հատկապես, շինթույլտվությունների բնագավառում, ունենք նաեւ շինարարական ոլորտի նվազում:

Վարչապետն ասաց, որ տնտեսական աճի ցուցանիշի վրա էական ազդեցություն ունեցավ նաեւ բարձր գնաճը, մասնավորաբար գազի գնի աճը: Պետբյուջեի դեֆիցիտի ցուցանիշն էլ վարչապետը պայմանավորում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների դանդաղեցմամբ: Բայց դա նա բացատրում է այն հանգամանքով, որ շեշտադրում է կատարվել աշխատանքների որակական մասի վրա:
Տասը տոկոս աճ կա հանքարդյունաբերության ոլորտում,  գալ տարի ակնկալվում է աճ գյուղատնտեսաությունում եւ մշակող արդյունաբերության ոլորտներում: Մակրոտնտեսական ցուցանիշների դրական տեմպեր էլ է ակնկալվում: Տիգրան Սարգսյանը հավաստիացնում է, որ արտահանման աճի տեմպեր ունեք, որը արդեն մի քանի անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպերին:
2014-ի բյուջեում առաջնահերթություն է լինելու այն, որ առաջին անգամ ներկայացվում է պետական բյուջե, որը չի նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում: Այս որոշումն ընդունվել է նրա համար, որ անցնող տարում վարչարարությունը արդեն խստացվել է, ինչը բիզնես միջավայրի վրա բացասական է ազդել: Տիգրան Սարգսյանն ասաց, որ այսուհետ վերանալու են վարչարարական մեթոդներից` ռիսկային ոլորտների վրա ավելի ուշադրություն դնելով:
Բյուջեի նախագծի հաջորդ առանձնահատկությունն աշխատավարձերի բնագավառում նախատեսվող փոփոխությունն է: Խոսքն այն միասնական սանդղակի մասին է, որն անցած քառօրյայում խորհրդարանում բուռն քննարկումների առարկա դարձավ: Ըստ վարչապետի, սա ենթադրում է, որ իրականացվելու է աշխատավարձների հետեւողական բարձրացում:

Էական փոփոխություններ են ենթադրվում բյուջեի սոցիալական հատվածում. այսուհետեւ սոցիալական քաղաքականությունը ուղղված է լնելու ոչ թե հետեւանքների, այլ պատճառների վերացմանը: Առաջնային խնդիրները լինելու են աշխատատեղերի եւ կրթության հարցերի կարգավորումը: Վարչապետն ասում է, որ աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցները պատճառ չպետք է լինեն` կրթություն չստանալու համար: Սոցիալական ֆորմալ օժանդակությունից կառավարությունը հրաժարվելու է` անցնելով առարկայական օգնությունների`կրթական, իրավական, առողջական եւ այլ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031