Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «անվտանգության երաշխիքներ»

Հոկտեմբեր 28,2013 11:57

Սեպտեմբերի 3-ից հետո ավելի հստակ է դարձել մինչ այդ ձեւավորվող քաղաքական կոնֆիգուրացիան:

1) Իշխանություն, որն իմ կարծիքով, լրջորեն խճճվել է արտաքին քաղաքական կողմնորոշումների մեջ: Եթե քաղաքականությունը հասկանանք զուտ «մաքվիավելիական» կտրվածքով` որպես խարդավանքների շարան, ապա, անշուշտ, կարելի է խոսել Ռուսաստանից կամ ԵՄ-ից ինչ-որ բաներ կորզելու հարցում հաջողությունների եւ անհաջողությունների մասին: Բայց խնդիրն այստեղ ավելի խորն է. խոսքը 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու մասին է՝ մի բան, որին մեր իշխանավորները բացարձակապես պատրաստ չեն՝ մնալով

70-ականների խորհրդային կոռումպացված նոմենկլատուրայի մտածողության մակարդակին:

2) Առաջին եւ երկրորդ նախագահների  շուրջը համախմբված ուժերը, նրանց կողմից ղեկավարվող բավականին պատկառելի տեղեկատվական ռեսուրսներով: Այդ ուժերի վարքագծում էլ կա հակասություն. մի կողմից նրանք անխնա, հաճախ արդարացիորեն, երբեմն  անձնական վիրավորանքներով համեմված քննադատում են իշխանությունը, բայց սեպտեմբերի 3-ից հետո նրանք այդպես էլ հստակորեն դեմ չարտահայտվեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն՝ չցանկանալով շարժել Ռուսաստանի դժգոհությունը: Եվ այդ առումով նրանց եւ իշխանության միջեւ որոշակի կոնսենսուս գոյություն ունի: Այս առումով Սերժ Սագսյանին սատարում են նաեւ տարբեր այլ անհատներ եւ խմբեր՝ Աշոտ Մանուչարյանը, Արամ Կարապետյանը, կոմունիստները եւ այլք:

3) Այն ուժերը, որոնք մնացած հարցերում ավելի մեղմ են քննադատում իշխանություններին, բայց կտրականապես դեմ են Մաքսային միությանը, եւ

ընդհանրապես Ռուսաստանին այդպես «խելակորույս տրվելուն»: Դրանց են «Ժառանգությունը», «Հանրապետությունը», վերաստեղծված ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները» եւ այլք:

Կուսակցությունների եւ անհատների այդ խումբն, ի դեպ, պարբերական հարձակումների է ենթարկվում կուսակցությունների երկրորդ խմբի  կողմից, որը վստահ է, թե այս խումբը իշխանության «ծպտյալ գործակալներն են»:

Այս՝ երրորդ խմբի «դժբախտությունն» էլ դրա փոքրաթիվ լինելն է, առաջին երկուսի հետ համեմատած սահմանափակ ռեսուրսները եւ սոցիալական բազայի բացակայությունը, որովհետեւ մեր բնակչության ճնշող մեծամասնությունը ցանկանում է ապրել «ռուսի շվաքի տակ»:

Հատուկ չեմ կիրառում «ռուսամետ», «արեւմտամետ» խիստ պայմանական բնորոշումները: Որովհետեւ խնդրի արմատը, կրկնեմ, ոչ թե նրա մեջ է, թե ով է Հայաստանում նախագահ նշանակում` 96 թվականից ի վեր դա անում է Ռուսաստանը, բայց ամենեւին էլ փաստ չէ, որ մենք ծաղկելու ենք, եթե դա անեն Միացյալ նահանգները: Խնդիրը նաեւ այն չէ, թե որ երկրի ռազմաբազաներն են այստեղ տեղակայված, կամ ում է հերթական նամակը գրում Զորի Բալայանը: Դրանք բոլորը հետեւանքներ են: Իսկ պատճառը մեր մտածողության մեջ է, մեր մեջ:

Մասնավորապես, ինձ թվում է, որ մենք ղեկավարվում ենք «անվտանգության երաշխիքներ» հասկացության սխալ, հնացած պատկերացումներով: Մենք շարունակում ենք մտածել, որ անվտանգության երաշխիքներ են տանկը, «Սմերչը» կամ «Իսքանդերը»:

Այսինքն, եթե ես փողոցներով քայլեմ ատրճանակը գրպանումս, իմ կյանքը դրանով

ավելի անվտանգ կդառնա: Իրականում անվտանգությունը, իմ կարծիքով, հատկապես 21-րդ դարում, այն է, ինչ դու կարողացել ես ստեղծել քո կյանքում կամ,

պետության դեպքում՝ քո հողում:

Ենթադրենք ֆանտաստիկ մի բան. Ռուսաստանի ղեկավարությունը, անսալով Զորի

Բալայանի թախանձագին խնդրանքներին, հասկանում է, վերջապես, թե որքան վատն են թուրքերը, հարձակվում է Թուրքիայի վրա եւ Հայաստանին է հանձնում իր պատմական հողերը: Ի՞նչ ենք մենք անելու այդ պատմական հողերի վրա: Այն, ինչ անում ենք Հայաստանում, Ղարաբաղում եւ ազատագրված տարածքներո՞ւմ: Եթե ոչինչ չենք կարողանում անել մեզ մոտ՝ գուցե այդ դեպքում Արեւմտյան Հայաստանը մեզ պետք չէ՞: Գուցե անվտանգությունն է՞լ է ավելորդ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031