Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդը՝ Նիկոլայ Ծատուրյանի եւ Լեւոն Բարսեղյանի մասին

Հոկտեմբեր 27,2013 15:13

Hetq.am-ը հարցազրույց է անցկացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

 

Սրբազան, փաստորեն ստացվում է, որ «անառակ որդիներն» այլեւս չե՞ն ներվելու:

-Սխալ հարցադրում եք անում: Ուրեմն հայրը ներեց անառակ որդուն, երբ անառակ որդին զղջաց եւ վերադարձավ: Մենք, պիտի ասեմ, որ հաճախ ներում ենք նաեւ, երբ չի զղջում, չի էլ վերադառնում:

Այդ դեպքում ինչո՞ւ նման խիստ բնորոշումների արժանացրեցիք Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին: Չէ որ Դուք հենց նոր նշեցիք, որ Հայառաքելական եկեղեցին ներում է նաեւ նրան, ով չի զղջում եւ չի վերադառնում:

-Դուք լսե՞լ եք, արդյոք, որեւէ հայ հոգեւորականից ռեւանշիստական կոչեր: Թե հիմա էլ մեր հերթն է, հիմա էլ մենք  ենք աթեիստներին գնդակահարելու, Ցեկայի շենքը քանդելու ենք, տեղը եկեղեցի ենք կառուցելու եւ բոլոր կոմունիստներին գնդակահարելու ենք կամ աքսորելու ենք Ալթայի երկրամաս: Երբեւիցե, որեւիցե հոգեւորականից ռեւանշիստական կոչ կամ ռեւանշիստական որեւէ արարք տեսե՞լ կամ լսե՞լ եք: Դուք կարողացեք տեսնել ամբողջ համայնապատկերը: Հայ եկեղեցին իր ոչ մի զավակին, նույնիսկ իրեն հայհոյող զավակին չի վտարել եւ չի վտարում: Այլ ընդհակառակն, ասում է` անդրադարձիր, համեցիր, վերադարձիր:

Այդ դեպքում ինչո՞ւ պարոն Նիկոլայ Ծատուրյանը չհրավիրվեց Վեհափառի մոտ:

-Վստահ եղեք, որ պարոն Ծատուրյանը ներողություն խնդրելու բոլոր շանսերն ուներ եւ ունի: Եվ եթե ինքը ներողություն խնդրեր ու հիմա էլ խնդրի, Վեհափառն, անշուշտ, կների իրեն: Որքանով որ ես տեղյակ եմ, սա ամբողջական տեղեկությունը չէ, որովհետեւ ես Վեհափառի հետ այս հարցով ոչ հանդիպել եմ, ոչ խոսել եմ, պարզապես, որքանով որ ես եմ տեղյակ, Վեհափառն այդ ցանկությունն ունեցել է՝ Ծատուրյանին իր մոտ հրավիրելու եւ հարցնելու, թե ինչ է պատահել: Բայց թե ինչպես պիտի պարոն Ծատուրյանը գնա եւ նայի Կաթողիկոսի աչքերի մեջ, անգամ հրավիրվելու դեպքում, սա արդեն այլ հարց է: Թեպետ, եթե մարդն ուզում է եւ ցանկություն ունի ներողություն խնդրելու, կարող է դա անել նույն այդ մամուլով, հեռուստատեսությամբ, անգամ հեռախոսազանգով: Վերջ ի վերջո, Ծատուրյանն էնպես թեթեւ խոսքեր չի ասել կաթողիկոսի հասցեին, չէ՞: Մարդս սխալական է, եթե սխալվել ես, ներողություն խնդրելն ամոթ բան չէ, եթե այդպես չլիներ, ուրեմն ներողություն խնդրելն այլեւս անիմաստ է, ներողությունը պիտի վերացնեին: Ես էլ եմ սխալվում եւ ներողություն խնդրում եմ իմ սխալի համար: Ներողություն խնդրելու մեջ ոչ մի ամոթալի բան չկա, առավել եւս մտավորականի համար, առավել եւս Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջ:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխ եւ Վատիկանի միապետ Հովհաննես Պողոս 2-րդ պապն այցելեց բանտ եւ հանդիպեց իր դեմ մահափորձ իրականացրած ազգությամբ թուրք Մեհմեթ Ալի Աղջայի հետ: Հովհաննես Պողոս 2-րդը ներեց իր վրա կրակած անձին` ասելով. «Ես ներում եմ քեզ ու նրանց»:

-Այո, այդպես էլ եղել է: Բանտարկյալը պապի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Ես հանդիպեցի Քրիստոսին»: Հիմա դա, ըստ ձեզ, ներողություն է, թե ներողություն չէ…Իհարկե, ներողություն է: Գիտեք ինչ, լկտիությունն ավելի ծանր բան է, քան մահափորձը, դուք դա չգիտեի՞ք: Ասում են` լեզվի պատճառած վերքն ավելի դժվար է բուժվում, քան սրի վերքը:

Սրբազան, ձեր վերջին հարցազրույցում բավական խիստ քննադատության էիք ենթարկել պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այդ հարցազրույցի հրապարակումից հետո հանդես եկավ «Մի զատիր, որ չզատվես» հրապարակախոսական հոդվածով: Ինչ կասեք այս մասին:

-Ես 14 տարի է` ղեկավարում եմ Շիրակի թեմը: Սա այն տարածաշրջանն է, որտեղ մարդուն կամ ընդունում եւ սիրում են, կամ չեն ընդունում՝ հատկապես գյումրեցիները: Սա դուք ինձնից էլ լավ գիտեք: Ինձ սիրում, հարգում, վստահում են հենց նրա համար, որ ես ծառայում եմ իմ ժողովրդին, ես իմ անձի համար չեմ ծառայում: Իմ անձին ծառայելու ուրիշ ասպարեզներ կարող էի ունենալ, ուրիշ առավել բարվոք, սակայն ընտրել եմ այս ասպարեզը: Կան մարդիկ, որոնց դուր չի գալիս այն հեղինակությունը, որ ունի թեմի առաջնորդը: Կամ խանդում են այդ հեղինակությանը կամ էլ ենթադրում են, որ իրենք ավելի մեծ հեղինակություն են, քան թեմի առաջնորդը: Ուրեմն ինձ հարգող եւ սիրող անձնավորությունը թիկունքից չէր հարվածի: Նվազագույն պարկեշտությունը պահանջում է, որ եթե մի կարծիքի հետ համաձայն չես, նախ էդ մարդու հետ հանդիպես, էդ կարծիքը քննարկես եւ հետո, երբ 100 տոկոսով համոզված կլինես, որ դու ավելի ճիշտ ես, քան ինքը, նոր դրանից հետո ասպարեզ իջնես, այն էլ` կոռեկտության եւ պարկեշտության սահմաններում: Լեւոն Բարսեղյանը պիտի իր անհավասարակշիռ արտահայտությունները մի քիչ չափավորեր եւ հավասարակշռեր:

Իր հոդվածից այն տպավորությունն էր, որ պարոն Ծատուրյանի խոսքերից հետո Կաթողիկոսը պիտի գար, նստեր Ծատուրյանի դռան առաջ ու ասեր. «Տղաս, ինչ է պատահել, ես քո ծառան էլ եմ»: Եվ գրում է հոդվածը Կաթողիկոսին պարոն Գարեգին կոչելով, ինչի իրավունքը չունի Լեւոն Բարսեղյանը, ի դեպ, նման ձեւով՝ պարոն Աջապահյան կոչելով ինձ: Եվ այդ նույն Լեւոն Բարսեղյանի կողմից անվանարկված մեկ այլ հոգեւորական, հանձինս ինձ, զանգահարում է նրան, որ իմանա, թե ինչ է պատահել, զանգում եմ իր բջջային հեռախոսին եւ պատասխան չեմ ստանում: Սա նույն դռան առաջ նստելու նման մի բան էր իմ կողմից, քայլ, որ պարոն Բարսեղյանն ակնկալում էր Կաթողիկոսից: Արվում է այդ քայլը, բայց մնում է անպատասխան: Գուցե ես զանգել էի ու ցանկանում էի ներողություն խնդրել: Միգուցե զղջացել էի, անդրադարձել էի, բա զանգում էի, եկել էի դուռդ, ինչպես որ ինքն էր պահանջում Կաթողիկոսից, որ գար Ծատուրյանի դուռը: Դե ուրեմն հարկ է, որ Լեւոն Բարսեղյանն իր պահանջմունքները նույն նժարի վրա պահի:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդաս սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ես ընդունում եմ, որ պ–ն Ծատուրյանի գնահատականը ուղղված Վեհափառին չափից ավելի խիստ էին։ Բայց այս ամենի մեջ իր մեղքի մեծ բաժինն ունի նաև եկեղեցու վերնախավը։ Ինձ համար նույնպես ընդունելի չի՛ երբ Աստծո ծառան ոչ միայն մականուն ունի այլ նաև խառնված է ֆինանսական մաքենայությունների մեջ։ Կամ գումարային բազարը եկեղեցական արարողություններ կատարելու համար։ Երևանի կենտրոնում կառուցվող նստավայրը, և ավերակի վերածված եկեղեցիներ,որոնց վերականգնման համար գումար չկա։ Իմ խորին համոզմամբ՛ նման գնահատականների առաջին մեղավորը եկեղեցին է։ Պետք է մեղադրել ոչ թէ աղանդներին, այլ եկեղեցուն, որը ինքն է իրենից վանում հավատացյալ մարդուն։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031