Այսօր միայն ծույլը կամ արտաքին քաղաքականության նկատմամբ բացարձակապես անտարբեր մարդը չի փնովում արտգործնախարարության աշխատանքը:
Այն, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը վերջնականապես ձևավորված չէ և 20 տարվա ընթացում ունեցել է լուրջ սայթաքումներ, անկողմնակալ դատող մարդու մեջ կասկած չի հարուցում: Սակայն քննադատությունը գնահատելի է, երբ անաչառ է, երբ նպատակը ոչ թե սխալներ որսալն է, այլ այդ կարևորագույն կառույցի` երկրի պետականության և միջազգային հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործընթացին նպաստելը:
Օգնել, այլ ոչ թե խանգարել: Տողերիս հեղինակն իրեն դասում է այդ սկզբունքի կողմնակիցների շարքը:
Հավանաբար այդ ցանկությամբ է առաջնորդվել նաև «Հետք» կայքը, որը «Օրենքի խախտումներն ԱԳՆ-ում սովորական երևույթ են» վերտառությամբ հոդվածում, անդրադարձել է արտգործնախարարության աքիլեսյան գարշապարին` կադրային քաղաքականությանը:
Կարդացեք նաև
Հեղինակը, որն, ըստ երևույթին, քաջածանոթ է նախարարության ներքին խոհանոցին, հղում կատարելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածին, գրում է, որ օրենքը խախտվում է, քանի որ մի շարք դեսպաններ աշխատում և ապրում են արտասահմանում 10-18 տարի: Մինչդեռ հիշյալ օրենքը դեսպանի համար սահմանում է 4 տարվա ժամկետ, որին կարող է գումարվել ևս 3 տարի` ըստ ղեկավարության հայեցողության: Ընդամենը` 7 տարի:
Իրոք, դեսպանի` 18 տարի գործուղման մեջ լինելու պարագան կարելի է համարել օրենքի կոպիտ խախտում, եթե հաշվի չառնվի, որ հիշյալ հոդվածի՝ 2010թ. լրամշակված տարբերակում ասվում է, որը , հավանաբար, վրիպել է հեղինակի ուշադրությունից.«Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել»:
Վերջ: Հարցը իրավաբանական տեսանկյունից կարելի է համարել անթերի ու փակված: Օրենքի տառի խախտում այստեղ չեք գտնի: Այն կազմողները, գիտակցված, թե չգիտակցված, (կարծում եմ` գիտակցված) այնպիսի ձևակերպում են ընտրել, որը հնարավորություն է տալիս ցանկացած դեսպանի գործուղման ժամկետը երկարացնել առանց սահմանափակման:
Այստեղ առկա է հայեցողության իրավունքը կամ հայեցողության ազատությունը: Անվանեք այն, ինչպես կուզեք, դրանից հարցի էությունը չի փոխվում: Նախագահը կամ արտգործնախարարը կարող են դեսպանին ողջ կյանքում թողնել արտասահմանում, եթե դա համարում են նպատակահարմար: Հարցրեք նրանց, թե ինչու է այսինչ դեսպանը ծերանում արտասահմանում: Հավանաբար, պատասխանը (եթե պատասխանեն) ձեզ «կհամոզի», որ այդինչ դեսպանն առաջին մեծության աստղ է հայկական դիվանագիտության երկնակամարում, անգնահատելի ծառայություններ է մատուցում հայրենիքին և այլն:
Իսկ եթե փորձեք գտնել ասվածի ապացույցները, ցավոք, չեք գտնի: Այն պարզ պատճառով, որ համակարգը փակ է երկաթե վարագույրով, չկան հսկողության կամ հաշվետվության ամենապրիմիտիվ մեխանիզմներ անգամ: (Տե՛ս նաև Diplomat.am-ի «Օրենք, որի կիրառումը կնպաստի Հայաստանի դիվանագիտության զարգացմանը», 02.10.2013 հոդվածը ):
Եթե առարկեք, որ դեսպաններ և հյուպատոսներ են նշանակվում դիլետանտներ, մինչդեռ նախարարությունում կան բանիմաց և փորձառու կադրեր, եթե նշեք, որ, խախտելով օրենքը, արտասահման են գործուղվում մայրենի լեզվին չտիրապետող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող օտարերկրացիներ, դրությունը հազիվ թե շտկվի: Դրա համար շատ բան պետք է փոխվի:
Հոդվածագիրն անդրադառնում է նաև ավելի ցածր աստիճանի դիվանագետներին` իրավացիորեն նշելով, որ այս դեպքում առկա են ծառայության մասին օրենքի խախտումներ. ոմանք 3 տարվա փոխարեն դեսպանություններում պաշտոնավարում են 4-6 տարի, իսկ կան դիվանագետներ, որոնք երկար տարիներ չեն գործուղվում արտասահման:
Սա կադրային քաղաքականության ձախողում է: Non-sens. Դիվանագետն ավելի շատ պետք է լինի արտասահմանում, քան տանը: Իսկ կադրային խտրականությունը հղի է համակարգում անառողջ մթնոլորտ և լարվածություն ստեղծելու, երիտասարդ դիվանագետի մեջ թերարժեքության բարդույթ սերմանելու, վիրավորվածության զգացողություն ու ֆրուստրացիա (նպատակասլաց գործունեության արգելափակում) առաջացնելու վտանգով:
Երկար տարիներ արտասահման չտեսած դիվանագետն այլևս դիվանագետ չէ, և նրա տեղը ԱԳՆ-ում չէ: Պետք է օգնել երիտասարդին` տեղափոխվելու այլ աշխատանքի:
Եվ վերջինը: Նորից արտասահմանում երկար տարիներ դեսպանների աշխատելու մասին:
Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ դեսպանները տասնյակ տարիներ աշխատել են կոնկրետ մի երկրում:Պ. Կամբոն 22 տարի Ֆրանսիայի դեսպանն էր Անգլիայում, նրա հայրենակից Կ. Բարերը` 28 տարի Իտալիայում, Ա. Դոբրինինը 23 տարի Մոսկվան ներկայացնում էր Վաշինգտոնում: Ցուցակը կարելի է շարունակել: Նրանք բոլորն էլ եղել են բարձրակարգ դեսպաններ, փայլուն կերպով կատարել են իրենց պարտականությունները և մեծապես նպաստել են դեսպանընկալ և իրենց երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Այստեղ դեսպանի երկարակեցության հանգամանքն ուղիղ համեմատական է երկրին մատուցած նրա ծառայություններին: Նման դեպքերը, դժբախտաբար, բացառություններ են:
Հայտնի է, որ տարբեր պետություններ տարբեր ժամկետներ են սահմանում դեսպանի
գործուղման համար: Ամենաժլատն այս հարցում Ամերիկան է` ընդամենը մի քանի տարի: Սա մյուս ծայրահեղությունն է, որը, ըստ իս, նույնպես ճիշտ չէ: Դիվանագետն առաջին տարում ծանոթանում է երկրին, երկրորդ տարում ստեղծում է կապեր տեղական իշխանությունների հետ և դիվանագիտական կորպուսում: Աշխատանքի արդյունքները երևում են երրորդ տարում: Իսկ ամերիկյան դիվանագետն այդ ժամանակ արդեն հրաժեշտ է տալիս դեսպանընկալ երկրին և տեղափոխվում է մեկ ուրիշ երկիր:
Դրանով է հավանաբար բացատրվում, որ հենց ամերիկացիներն են զարգացնում դիվանագիտական արվեստի այն տեսությունը, որը կոչվում է «լոկալիտիս»:
Համաձայն այդ տեսության` դիվանագետը, երկար տարիներ աշխատելով օտար երկրում, աստիճանաբար կորցնում է օբյեկտիվ դատելու ունակությունը, որն իր հերթին հանգեցնում է լոյալության աստիճանաբար նվազեցման: Որքան խորը և համակողմանի է ընթանում նոր միջավայրում դիվանագետի ադապտացիան, այնքան ավելի է լոկալիտիսը ներգործում նրա վրա, կախման մեջ դնում իր գործոններից և առանձնահատկություններից:
Առաջանում է այսպես կոչված լոկալիտիսի սինդրոմ, որը բացասաբար է ազդում դիվանագետի հոգեկանի վրա, վնասում է ծառայողական պարտականությունների հաջող կատարմանը:
Այդ սինդրոմով տառապող դիվանագետը կորցնում է իր երկրի նկատմամբ անմնացորդ հավատարմության հատկանիշը:
Այդ երևույթն անվանի դիվանագետ, տեսաբան Հարոլդ Նիկոլսոնը որակում է որպես ժամանակակից դիվանագիտության հիմնական արատներից մեկը: Լոկալիտիսը վտանգավոր ախտ է: Սակայն այն անզոր է նրանց նկատմամբ, ովքեր ունեն բարձր դիմադրողականություն` կայուն բնավորություն, ուժեղ բարոյակամային հատկանիշներ, ձևավորված գաղափարական սկզբունքներ և ամենագլխավորը` անանց հայրենասիրություն: (Այդ մասին կարող եք կարդալ նաև Diplomat.am-ի «Լոկալիտիսները Երևանում» հոդվածում, 17.04.2013):
Արդյո՞ք այս ամենն ասոցացվում է այն դառն իրականության հետ, երբ որոշ հայ դեսպաններ և ավելի ցածր աստիճանի դիվանագետներ գործուղումից հայրենիք չեն վերադառնում, մնում են արտասահմանում, տուն-տեղ դնում: Դառնում են օտարերկրացի:
Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին:
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ եւ լիազոր դեսպան