Խուլիգանության մեջ մեղադրվողը նախկինում դատված է
Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Արտակ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին, ժամը 09-ի սահմաններում Իջեւան քաղաքում գտնվող «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի մասնաճյուղում իր երեխաներին տեսակցելու հարցի շուրջ լուրջ վիճաբանության մեջ է մտել իր երեխաների «ՍՕՍ» մայր Նարինե Ավետիսյանի հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը,որը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով եւ Ն. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել է Ն. Ավետիսյանի մեջքին: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ բացի այդ Արտակ Ավագյանը 2013թ. օգոստոսի 14-ին, ժամը 13.30-ի սահմաններում «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի մասնաճյուղում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով(«Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ` ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով») եւ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»): Նախկինում դատված Արտակ Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացել է հոկտեմբերի 25-ին, հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 6-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ