Ռոբերտ Ամիրխանյանը վայր դրեց լիազորությունները Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության այսօրվա համագումարի ժամանակ: Մինչ այդ, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կարդաց նախագահի հրամանագիրը միության մի խումբ անդամների երկրի բարձրագույն պարգեւներ շնորհելու մասին:
Ռոբերտ Ամիրխանյանն էլ հպարտությամբ նշեց, որ պարգեւատրումները շարունակվելու են: Ապա` հիշեց, որ 1,5 մլն դրամ նախագահն ամեն ամիս գումար է տալիս միությանը, 30 մլն էլ վերջերս է տրվել Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան փլված հատվածները վերանորոգելու համար: Ըստ Ամիրխանյանի, այդ գումարի 1/3-ը դեռ պահպանվում է, իր ընդդիմախոսներին առաջարկել է այն տնօրինել ձայնագրությունների համար, սակայն հրաժարվել են: Ռոբերտ Ամիրխանյանը նեղսրտեց յուրացումների վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներից՝ ասելով, թե անգամ իր համերգների հոնորարներն է միություն ուղղել՝ աշխատավարձների համար: Ավելի ուշ նա հայտարարեց, թե կարող է հեռանալ, եթե մեծամասնությունն այդպես որոշի. «Ես չեմ կարող նման անբարոյական մթնոլորտում աշխատել: Անգամ հասել են նրան, որ իմ երգը իբր ես չեմ գրել, մինչդեռ ես չեմ ուզում ապացուցել, որ իմ երեխայի հայրը ինքս եմ: Վայր եմ դնում լիազորություններս ու խնդրում եմ՝ հերիք է սեւացնեք իրար, թափեք ձեր սիրտը ինչքան կարող եք, վերջը գալու եք բարության սկզբունքներին»:
Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը գրավոր տեքստ հանձնեց համագումարի նախագահությանը՝ միությունում տիրող վիճակի մասին, որտեղ կային նաեւ առաջարկներ: Նա առաջարկեց դրանք կցել համագումարի փաստաթղթերին: Երաժշտագետ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը կոմպոզիտորների միության 2009-2013 թթ ֆինանսական մուտքերն ու ծախսերը ներկայացրեց: Այդ պահին բեմ բարձրացավ այսպես կոչված ընդդիմադիր թեւի ֆինանսական հարցերով մասնագետ Կարեն Մանուչարյանը, համագումարի նախագահությանը լիազորագիր եւ փաստաթուղթ ներկայացրեց՝ իր վստահորդների փոխարեն հանդես գալու պահանջով: Դա ակնհայտորեն դուր չեկավ համագումարը նախագահող Վլադիլեն Բալյանին եւ ամիրխանյանական «թեւին»: Նրանք հայտարարեցին, որ կոմպոզիտորների միության համագումարում կարող են ելույթ ունենալ միայն միության անդամները եւ ոչ թե վստահված անձինք: Մասնավորապես կոմպոզիտոր, Մարտին Վարդազարյանը դահլիճից դժգոհեց այդ առիթով: Իսկ կոմպոզիտոր Արամ Սաթյանն, ընդհակառակը, գտավ, որ իրենց փոխարեն ֆինանսական հարցերում իրազեկ մասնագետի հանդես գալը լրիվ արդարացված է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ