«Այս անձնավորությունների հետ ես քաղաքական որոշակի ճանապարհ եմ անցել, իրար հետ համագործակցել ենք, բարիկադների նույն կողմում ենք եղել»,- այսօր կեսօրից «Կոնգրես» հյուրանոցում ընթացող ՀՀՇ հիմնադիր կուսակցության համագումարի ժամանակ մատնացույց անելով Ալեքսանդր Արզումանյանին, Հովհաննես Իգիթյանին, Կարապետ Ռուբինյանցին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով. «Չնայած ՀՀՇ կուսակցությունը իր իշխանության տարիներին հակասական արդյունքներ ցույց տվեց, բայց սեղանի շուրջ նստած անձնավորությունները ՀՀՇ իշխանությունից հետո ղեկավարեցին այն: Եվ սխալները, որոնք կային՝ ուրիշների սխալները, ովքեր կերակրատաշատից օգտվեցին, չդարձան պատճառ, որ այս մարդիկ սկզբունքային չմնան: Նրանք ուրիշների սխալներն իրենց վրա վերցնելով՝ շարունակեցին կենսագործունեությունը: 2008-ից հետո զիգզագներ եղան և մեր գործընկերները ստիպված են վերաբացելու կուսակցությունը: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում քաղաքական նոր ընթացքի՝ հին ընթացքը շարունակելու մեջ: Այն սկզբունքայնությունը, որը ունեցել եք՝ կշարունակվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ