Լրահոս
Օրվա լրահոսը

«Չոքած չես կարող անկախ լինել». ՀՀՇ համագումարն ընթանում է

Հոկտեմբեր 26,2013 13:33

Սկսվել է Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարը:

«ժողովրդական ասացվածքն ասում է, որ արդարությունը ունենում է երկու թամբ՝ արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարն՝ ուզած ուղղությամբ: Ես խորապես համոզված եմ, որ այն գործունեությունը, որը դուք նորից սկսել եք, ոչ միայն քաղաքական է, այլև՝ արդար, բարոյական ու շիտակ»,- այսօր համագումարի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ավելացնելով, որ ՀՀՇ կուսակցության վերստեղծումը վերադարձ է դեպի երրորդ հանրապետության ստեղծման ակունքները:

Ողջունելով ՀՀՇ կուսակցությանը, նա նաեւ նկատեց, որ համագումարին հավաքվածների թվում մարդիկ կան, ում համար երրորդ հանրապետության պատմությունը սեփական կյանքի պատմությունն է և նրանց պետք չէ պատմել «ինչը ինչպես և ինչո՞ւ եղավ». «Սա մեծ պատմություն է, մեծ փորձ է, որը չի կարող իր արդյունքը չունենալ՝ անկախ նրանից, թե մեր անցած ճանապարհին ի՞նչ սխալներ և թերություններ են գործել: Հանրապետություն կուսակցությունը ռազմավարական, մարտավարական այս գործընթացի ճանապարհին ձեր դաշնակիցն ու գործընկերն է՝ վստահ լինելով, որ մեր բոլորիս նպատակը մեր երկրում իրական, համակարգային փոփոխությունների հասնելն է: Վաղուց եկել է գործելու ժամանակը բարի երթ ձեզ»:

ՀՀՇ կուսակցության համանախագահող անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ այսօր պաթետիկ ելույթով հանդես չի գալու, քաղաքական վերլուծություններ չի անելու. «Սա աշխատանքային հավաք է, հրավիրել ենք միայն մեր համախոհներին, նրանց մասնակցությունը մեր աշխատանքային առօրյայում անհրաժեշտ է: Բոլորս 88 թվի ՀՀՇ ծնունդն ենք, ծնունդն ենք այդ պոռթկման, հպարտ ենք, որ մաս ենք կազմել այդ շարժմանը: Որի արդյունքն էլ ՀՀՇ կուսակցությունն է: Եղել են փառահեղ բարեփոխումներ մարտի դաշտում, տնտեսական ոլորտում, եղել են նաեւ պարտություններ՝ մարդու իրավունքների արդարադատության ոլորտներում… չենք կարող մերժել ակնհայտը, ընտրությունների կեղծիքներ, ոչ առաջինն ենք, ոչ՝ վերջինը: Ցավալի երեւույթներ էլ են եղել մեր անկախ պետության կերտման ճանապարհին: Բայց մարդիկ չեն կարող հրաժարվել իրենց ծնողից, կենսագրությունից, մենք էլ մեր կենսագրությունից չենք կարող հրաժարվել»:

Հետո նա անդրադարձավ 2010-ին  ՀՀՇ-ի ներսում ստեղծված տարաձայնություններին. «Եվ ՀՀՇ-ն ներքին գործառույթներում չկարողացավ արժանի լինել ժողովրդավարական իր կոչմանը: Մի խումբ մարդկանց պիտակավորեցին վնասարար… Եղան գործիչներ, որոնք իրենց անհամաձայնությունն արտահայտեցին ու դուրս եկան»: Նա խոսեց նաեւ ՀՀՇ-ի լուծարման որոշմանը. «Հայտարարեցին, որ ՀՀՇ-ականները գան ստանան ՀԱԿ-ի մանդատը, սա վիրավորական է, այն մարդկանց համար, որոնք  88-ից եղել են շարժման մեջ»: Նա նաեւ անդրադարձավ Մաքսային միությանը միանալու որոշմանը.« Ռուսի սապոկը կախված է հայ ժողովրդի գլխին, պետք է մտածենք՝ ինչպես փրկենք Հայաստանը: Ժողովուրդն անցել է զոհաբերության ճանապարհով, որ դառնա անկախ: Այսօր ոչ միայն արտաքին քաղաքականության երկընտրանքի առջեւ ենք կանգնել, այլեւ ներքին մարտահրավերներին ենք բախվել: Մեզ թվում է ՝ մեր ներքին ստրուկին կոտրել ենք, բայց՝ ոչ: Չոքած չես կարող անկախ լինել, մեզ ծնկի են բերել կույր հնազանդության, մեր նվիրումով, ընդորում անասնական նվիրում կա այս ամենի մեջ: Դեմ չեմ  ռուսների հետ բարեկամությանը, բայց չպետք է թույլ տանք, որ ռուսը գա մեր ԱԺ պատգամավորներին կանգնեցնի, փաստաթուղթ ստուգի»:

Նա նաեւ ասաց, որ իրենք Ժողովրդավարություն կառուցելու համար պայքարելու են եւ  ազատական, ժողովրդավարական պետություն կառուցելուն են հասնելու:

Համագումարին գրանցվել են մոտ 200 պատվիրակներ: Այս պահին ընդմիջում է հայտարարվել, որ որոշվի վարչության կազմը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031