Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից մեկը նախատեսված է նաև սահմանափակ կարողություններով անձանց համար։
Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու գործընկեր քաղաքների, ինչպես նաև Եվրամիության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում այս ծրագիրն իրականացվեց հաջողությամբ. «Հուլիս ամսին բացվեց բազմաֆունկցիոնալ այս գեղեցիկ մարզադաշտը, որը սիրվեց թե դպրոցի աշակերտների, և թե շրջակայքի բնակիչների կողմից։ Ուզում եմ հատուկ ընդգծել այն փաստը, որ մարզադաշտը հարմարեցված է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։ Ներկայումս, Երևանի քաղաքապետարանը իր քաղաքաշինական ծրագրերում փորձում է հետամուտ լինել այս խնդրին՝ հաշմանդամների կարիքներին առավելագույնս անդրադառնալու նպատակով։ Հուսով եմ, որ հետագայում ևս մենք հնարավորություն կունենանք իրականացնելու նմանատիպ բազմաթիվ այլ ծրագրեր՝ ի շահ մեր քաղաքների բնակչության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենն էլ, իր հերթին գոհունակություն հայտնելով ծրագրի արդյունքից, մեկ անգամ ևս ընդգծել է, որ սա երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերությունների ևս մեկ խոսուն ապացույց է. «Հարգելի պարոն քաղաքապետ, այս վերջին 48 ժամերը, որ մենք անց ենք կացնում միասին, պետք է խոստովանեմ, որ թե՛ ես, և թե մեր պատվիրակության անդամներն ուղղակի զգացված ենք այն ջերմ և բարեկամական վերաբերմունքից, որ ցուցաբերվում է Ձեր կողմից: Տեսնելով դպրոցականների ու հարակից շենքի բնակիչների ոգևորությունը` ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել հենց Ձեզ, որ մեր կողքին եք ու անձամբ աջակցել եք այս ծրագրի իրականացման հարցում: Բացի այդ, շնորհակալ եմ նաև երկու քաղաքների միջև առկա արդյունավետ համագործակցության համար, քանի որ նաև Ձեր ջանքերի շնորհիվ ենք երկուստեք հաջողություններ գրանցում»,- շեշտել է Ժան – Կլոդ Գոդենը:
Այնուհետ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Մարսելի քաղաքապետը ծանոթացել է նաև մարզահրապարակի պայմաններին ու ցուցադրական ելույթներին, որոնց մասնակցում էին նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն, ի նշան երկու քաղաքների բարեկամության, խորհրդանշական ծառեր են տնկել դպրոցի բակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն