Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամը (AJF) հայտարարում է, որ հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. Խնդիրներ եւ հեռանկարներ» գիտաժողովի շրջանակներում Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամի նախագահ Պիեռ Աքքելյանը կներկայացնի հիմնադրամի գործունեության հիմնական նպատակները եւ ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, հիմնադրամը Սանկտ Պետերբուրգի Էթնոգրաֆիայի պետական թանգարանի հետ համատեղ նախատեսում է 2014թ.-ին հրատարակել եւ միջազգային հանրությանը ներկայացնել 20-րդ դարի հայտնի գիտնական Ալեքսանդր Միլլիերի 1916թ.-ի Վանի եւ Վասպուրականի հայերի կենցաղն ու մշակույթը հավաքածուի կատալոգը:
Ռուս պրոֆեսոր Ալեքսանդր Միլլիերը հավաքել է հայ կենցաղի եւ մշակույթի 255 նմուշներ, որոնք ներառում են 1916թ. Արեւմտյան Հայաստանի՝ Վասպուրականի, Վանի, Մուշի եւ Բիթլիսի ոսկյա զարդեր, հագուստ, ասեղնագործություն: Ավելի քան 95 տարի հավաքածուն պահվում էր Սանկտ Պետերբուրգի Էթնոգրաֆիայի թանգարանում: 2012թ.-ին թանգարանում բացվել է մշտապես գործող «Հարավային Կովկասի բնակչությունը. մշակույթի նմուշներն ու հայերի կենսակերպը» ցուցահանդեսը:
Հիմնադրամի ծրագրերի շարքում է հայ ոսկերչության պատմության մանրամասն ուսումնասիրումը, հայ ոսկերիչների գործունեության հետազոտումն ու բացահայտումը:
Հայ ոսկերչության հազարամյակների ժառանգության մի հսկա մասն այսօր աշխարհի տարբեր թանգարանների պահոցներում է: Դրանք պետք է ներկայացնել հանրությանը, որպեսզի մեր սերունդներն իրենց պապերի թողած ժառանգությունը իմանալու եւ դրանով հպարտանալու հնարավորություն ունենան:
Կարդացեք նաև
Հիմնադրամի գործունեության շրջանակներում կրթաթոշակներ կտրամադրվեն հայ երիտասարդներին ՝ աշխարհի համապատասխան կրթական լավագույն հաստատություններում սովորելու համար:
Հայ ոսկերիչների հիմնադրամն այս պահին ներկայացնում է 25000 եւ 15000 դոլար արժողությամբ երկու հովանավորչական փաթեթ: Հովանավորները կհիշատակվեն Հիմնադրամի բոլոր հրապարակումներում: Յուրաքանչյուր հովանավոր ձեռք կբերի հանրահայտ Franck Muller-ի ժամացույցը: 38 ոսկե եւ 38 պողպատե ժամացույցները նվիրված են հայոց այբուբենին եւ նրանցից յուրաքանչյուրը կրում է մի տառ: Ոսկերչության ոլորտում հայտնի մի շարք գործիչներ արդեն գնել են Franck Muller ժամացույցները եւ դարձել են մեր բարեգործական ծրագրերի հովանավորներ:
Հոկտեմբերի 30-ին Yerevan Show 2013 ոսկերչական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հիմնադրամն անցկացնելու է ոսկյա եւ պողպատե ժամացույցների խաղարկություն: