Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը փոքրիկ գործիք է, որը մի անգամ օգտագործվել է թե ԵՄ-ի, թե Ուկրաինայի դեմ»

Հոկտեմբեր 26,2013 14:15
Igityan

Հովհաննես Իգիթյանը` ՄՄ-ում Հայաստանի դերի ու տեղի մասին

«Երեւի թե այդ հարցը պետք է տալ ՀՀԿ-ի այն պատգամավորներին, որոնք ժամանակին ասում էին՝ ինչպե՞ս կարող ենք Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրել, եթե չգիտենք, թե դա ինչ է: Հիմա, կարելի է ենթադրել, նրանք չգիտեն՝ ինչ են ասում կամ չգիտեն ընդհանրապես, թե ինչ է կատարվում նույնիսկ Մաքսային միության մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով նախօրեին Մինսկում ստորագրված որոշման նախագծին վերաբերող մեր հարցին, որի համաձայն՝ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն: Ի դեպ, այս հարցի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանական ճեպազրույցներում ասել էր, որ լավ տեղեկացված չէ, թե հատկապես ինչ դրույթներ կան այդ փաստաթղթում, նախագահը կվերադառնա եւ տեղեկատվություն կտա իրենց, միաժամանակ հավելելով. «Կա ճանապարհային քարտեզ, որը պետք է քննարկվի, որպեսզի մեր անդամակցության ընթացքում ապահովվեն նաեւ մեր շահերը։ Մաքսային միության հարցում մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի շահեկան վիճակ ստեղծվի մեզ համար»: Նաեւ Գալուստ Սահակյանի այս՝ հերթական անտեղյակության արտահայտումն, ըստ Հովհաննես Իգիթյանի, վկայում է, որ որեւէ տեղ գնալուց առաջ Սերժ Սարգսյանի քաղաքականամտերիմ թիմը չգիտի, թե ինքն այնտեղ ինչ է ստորագրելու: «Ես ենթադրում եմ, որ Մաքսային միությունում միշտ այդպես է լինելու: Որեւէ նեկայացուցիչ՝ լինի դա Սերժ Սարգսյանը կամ ավելի ցածր, գնալու է եւ իրեն այնտեղ թուղթ են «դեմ տալու», որն իրենք պետք է ստորագրեն: Իրենք էլ ստորագրելու են: Ես չեմ պատկերացնում որեւէ պաշտոնյայի, որը ՌԴ-ի կողմից «դեմ տված» թուղթը չի ստորագրելու»,- ասաց Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ այլեւս Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր քայլից հետո թիմը սկսելու է արդարացնել այդ քայլը: Ի դեպ, ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց, որ Մինսկում ստորագրված փաստաթղթով Հայաստանը պարտավորվել է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որեւէ հայտարարությունից եւ գործողությունից: Հաշվի առնելով Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազային եւ հետագայում դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ՝ կողմերը եկել են մի շարք փոխհամաձայնությունների: Այս փաստաթղթով Հայաստանին նաեւ իրավունք է տրվում ստանալ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի կողմից ընդունված փաստաթղթերը, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք գաղտնի տեղեկատվություն են պարունակում:

Հովհաննես Իգիթյանն էլ ուշադրություն է հրավիրում ՄՄ անդամ պետությունների նախագահների՝ վերջին օրերին իրար հետեւող հայտարարություններին, համաձայն որոնց՝ Հայաստանը պետք է անցնի ողջ գործընթացը, չպետք է հեշտ ու հանգիստ մտնի այդ միության մեջ: Բայց հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չգիտի, թե դա ինչ է նշանակում, քանի որ այնպես չէ, որ մնացյալ երկրներն ինչ-որ գործընթաց են անցել: Իգիթյանը ենթադրում է, որ խոսքն այն մասին է, որ Եվրասիական հանձնաժողովի ընդունած բոլոր փաստաթղթերին է վերաբերում, որոնք Հայաստանը պետք է ընդունի անվերապահորեն՝ առանց որեւէ բացառությունների: Ոչ պակաս ուշագրավ են ՄՄ-ի ընդլայնման մասին վերջին հայտարարությունները, որոնցից, ըստ Իգիթյանի, պարզ երեւում է, որ ընդլայնումը քաղաքական է, ոչ ոք տնտեսական հարցերի մասին չի խոսում, ու նույնիսկ բարձրաձայն հնչեցվել է, որ աշխարհին պետք է ցույց տալ, որ Եվրասիական միությունը նախկին ԽՍՀՄ-ը չէ, ուստի Թուրքիայի եւ Հնդկաստանի անդամակցության մասին է խոսվում: «Ես չգիտեմ՝ Թուրքիան կամ Հնդկաստանը դիմե՞լ են: Դա Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ: Ընդհանրապես շատ դժվար է տնտեսական տեսանկյունից նայել տնտեսական թվացյալ կազմակերպությանը, որտեղ բոլորը պարզ ասում են, որ դա քաղաքական է: Պարզ չէ՝ ի՞նչ խնդիր է լուծում այս մարմինը, եւ Հայաստանն, ընդհանրապես, ի՞նչ դեր պետք է կատարի այդտեղ եւ ինչո՞ւ է գնում: Իմ տեսանկյունից՝ Պուտինը ճնշում գործադրեց Հայաստանի վրա կամ խնդրանք (Պուտինի խնդրանքն արդեն ճնշում է), որպեսզի Հայաստանը չգնա դեպի Եվրոպա, եւ որպեսզի թուլացնեն Ուկրաինայի դիրքերը ԵՄ ինտեգրման առումով: Կարծում եմ՝ հենց սա էլ հիմնական թիրախն էր, եւ դա արդեն պարզ երեւում է»,- կարծում է Հովհաննես Իգիթյանը:

Ի դեպ, մեր զրուցակիցը տակավին վերջերս է եղել Ուկրաինայում եւ կարծում է, որ այնտեղ այժմ բավական հետաքրքիր գործընթացներ են գնում. «Ինձ թվում է՝ ՌԴ-ն ճնշման չափն անցավ այնքան, որ նույնիսկ նախկինում իրենց պրոռուսական համարող ուժերն այսօր միավորվում են նախագահ Յանուկովիչի շուրջը՝ եվրաինտեգրացման հարցում: Ուկրաինայում ես միավորման գործընթաց եմ զգացել, եւ եթե այն շարունակվի, ուրեմն Ուկրաինան Պուտինին պետք է շնորհակալ լինի, որ ճնշումներով նպաստեց այդ երկրի արեւելյան եւ արեւմտյան հատվածների միջեւ տարաձայնությունների վերացմանն ու միավորման գործընթացին: Ամենակարեւորն այս ամենում այն է, որ միավորվում են ոչ թե անձի, այլ արժեքների շուրջ: Հակաիշխանական ուժերն ամեն տեղ հայտարարում են, թռուցիկներ են կպցնում, որ իրենք սատարում են նախագահ Յանուկովիչին՝ եվրաինտեգրման գործընթացում»: Հովհաննես Իգիթյանը կարեւորում է նաեւ Ուկրաինայում հանրոթյանն իրազեկելուն ուղղված ակտիվ գործընթացները՝ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ սոցիալական ասպեկտներում՝ թե ԵՄ-ին անդամակցելու, թե ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին, ու դրանք ընթանում են հիմնականում բաց բանավեճերի միջոցով:  «ՌԴ-ի կողմից ճնշումը զգացվում է, շատ արտադրողներ վատ վիճակում են հայտնվել «շլակբաում» բացող-փակող հայտնի Գենադի Օնիշենկոյի պատճառով, ով հանկարծ մի օր որոշում է, որ ուկրաինական կաթը, շոկոլադը կամ ածուխը վնասակար են եւ այլն: Դա պարզ երեւում է, եւ ժողովուրդը դա լավ հասկանում է, որ ՄՄ-ում գործելու է խորհրդային բյուրոկրատական, չինովնիկական աշխատաոճը, որը ոչ մեկին օգուտ չի բերելու»,- եզրակացնում է Հովհաննես Իգիթյանը: Այս համատեքստում մեր զրուցակիցը Հայաստանում չի զգում այն քաղաքական կամ տնտեսական թիմի առկայությունը, որն անընդհատ քննարկի եւ խորհուրդներ տա Սերժ Սարգսյանին, թե ինչ պետք է անի Հայաստանը նույնիսկ ՄՄ-ում: Այն քաղաքական թիմը, որ ձեւավորվում էր ԵՄ-ի հետ բանակցություններում, այսօր, մեր զրուցակցի կարծիքով, տարակուսանքի մեջ է, քանի որ նրանց վրա պատասխանատվություն է դրվել՝ փոխելու դիրքորոշումը եւ տնտեսական հիմնավորումներ ներկայացնելու մի մարմնի վերաբերյալ, որը բացարձակ տնտեսական չէ. «Այսինքն՝ թիմը պետք է փոխվի: Տնտեսական չափանիշներով գործող այս թիմն անելիք չունի ՄՄ-ի քննարկումների մեջ: Իսկ շանսը, որը մենք ունեինք  մինչեւ սեպտեմբերի երեքը, այլեւս չունենք: Հայաստանը վստահությունը կորցրել է, բայց այնպես էլ չէ, որ նոր վստահություն է ձեռք բերել ՄՄ անդամ երկրների կողմից: Այն տոնայնությւոնը, ձեւակերպումները, որ Հայաստանի հանդեպ թույլ են տալիս իրենց ՄՄ-ի հիմնադիր համարող երկրների չինովնիկները, արդեն պարզ ցույց են տալիս, որ Հայաստանն այնտեղ երբեք հավասար գործընկեր չի լինելու: Հայաստանը փոքրիկ գործիք է, որը մի անգամ օգտագործվել է թե ԵՄ-ի, թե Ուկրաինայի դեմ: Պարզ է, որ այնտեղ Հայաստանը լինելու է ոտքերի տակ անընդհատ խանգարող մի էլեմենտ, հատկապես, երբ խոսում են ան մասին, որ Հայաստանի անդամակցության գործընթացում Ադրբեջանի շահերը պետք է հաշվի առնեն: Թուրքիայի մասին են խոսում: Այս իրավիճակում Հայաստանն այնտեղ ապագա չունի»:

Օրերս Եվրոպական խորհրդարանը Հայաստանի վերաբերյալ ընդունած մի բանաձեւում անդրադարձ էր կատարել նաեւ ԼՂ խնդրին, որտեղ հղում կար նաեւ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձեւերին: Որքան էլ հիմա խոսվում է այն մասին, որ քվեարկության ընթացքում կեղծիքներ են եղել, որ ադրբեջանամետ իտալացի պատգամավորները կեղծել են քվեարկությունը, եւ պետք է վերանայումներ լինեն, այնուհանդերձ՝ կատարված փաստ կա: Նկատենք, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես ջանացել էր այդ որոշումները ներգրավել եվրոպական բանաձեւերում, բայց չէր հաջողել: Արդյոք դա պատահականությո՞ւն էր՝ մեր հարցին ի պատասխան՝ պարոն Իգիթյանն ասաց, որ միջազգային դիվանագիտության մեջ պատահական հարցեր չեն լինում. «Դա կազինո չի, ռուլետկա չի, լուրջ գործընթաց է, որում Հայաստանն իր վստահությունն ու համբավը կորցնելու գործընթացը վաղուց է տանում: Գագաթնակետն, իհարկե, Հայաստանի վերջին քայլն էր, որտեղ ցույց տրվեց, որ Հայաստանը ոչ միայն վստահելի գործընկեր չէ, այլեւ որեւէ կապ չունի եվրոպական արժեքների հետ: Այս պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային ատյաններում ընթացող «բանավեճը» գնում է ոչ ի նպաստ Հայաստանի: Մինչ օրս նավթի, լոբբինգի, մուսուլմանական լիգայի հայտարարությունների ողջ հակակշիռը եղել է Հայաստանի՝ Ադրբեջանի հանդեպ մի քիչ ավելի ժողովրդավարական լինելը, ուղղվածությունը եվրոպական չափանիշներին: Եթե մենք ժողովրդավարական մակարդակով հավասարվում ենք Ադրբեջանի հետ, ապա, իհարկե, Ադրբեջանի բոլոր մնացած առավելություններն ավելի գործնական են դառնում: Ու պատահական չէ, որ այսօր Ադրբեջանը կարողացավ ՄԱԿ-ի բանաձեւերը բերել եվրոպական բանաձեւերի մեջ: Ի դեպ, այդ բանաձեւերն այդքան էլ վատը չեն, բայց, ցավոք, Ադրբեջանը կարողացավ դրանք ներկայացնել իբրեւ ոչ հայանպաստ: Իրականում այդ բանաձեւերով Հայաստանը պետք է ԼՂՀ-ի վրա իր ազդեցությունն օգտագործեր՝ պատերազմը դադարեցնելու համար, ինչը եղավ 1994 թվականին, եւ կարելի է ասել, որ այդ պահից էլ այդ բանաձեւերը կորցրին իրենց ակտուալությունը: Հիմա այդ բանաձեւերը ներկայացվում են այլ կերպ, եւ Հայաստանի դիվանագիտությունն այսօր երեւի շատ խիստ է զբաղված ՄՄ-ի հարցերով եւ չի կարողանում սրա դեմն առնել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Ով ով,բայց Իգիթյանը լավ կիմանա,թե ռուսները ոնց են փաստաթղթերը ստորագրել տալիս,իրենց թիմը նման կերպով շատ փաստաթղթեր են ստորագրել:Ու ստորագրել են անկախ նրանից թե էդ թուղթը մեզ օգուտ, թե վնաս է բերելու

  2. Արթուր says:

    Այսօր վտանգված է Հայաստանի ապագան և ժամանակը չէ միմյանց վարկաբեկելու փորձեր անել: Հարկավոր է լարել բոլոր ջանքերը, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով հասնել այն բանին, որ չեղյալ հայտարարվի ՄՄ-ին Հայաստանի միանալու մասին Սերժ Սարգսյանի ստորագրությունը, քանզի դրանով ոչ միայն վտանգվում է ՀՀ ապագան, այլ պարզապես ոչնչանում են ՀՀ անկախության համար արյան գնով մեր բոլոր ձեռքբերումները, և մենք հերթական անգամ կանգնում ենք կոտրված տաշտակի առջև:

  3. h0par says:

    ճոռոմ-ճոռոմ խոսում ես, մոռանալով, որ ժամանակին ձեր թիմը ավելի ստրկամետ էր, հիմա հեշտ է կողքից քննադատել, թե գիտես թե մեր հիշողությունը կարճ է: Սխալվում ես: Սերժը իրագործում է ամբողջ հայ ժողովրդի դարավոր իղձը, այն է ստրկամտությունը, օտարի ոտքերի տակ որպես փալաս փռվելը եւ սեփական խնդիրների լուծմանը տեր կանգնելու բացարձակ բացակայությունը: Մեր պատմությունը գծված է աշխարագրական քարտեզի վրա եւ շագրենյան կաշի է հիշացնում: որքան ցավալի է հնչում, բայց պետք է ասեմ, որ Հիացած եմ թե ինչպես են մեր հարեւան Վրաստանը եւ ադրբեջանը պատպանում իրենց ազգային շահերը: Ամենավտանգավորը նա է, որ Սերժին այլընտանք չկա: Քաղաքական երկնակամարում երեւացողները, որոնց թվում է թե իրենք ընդդիմություն են ավելի շուտ կծախեն մեր պետությունը, քան դա արվում է հիմա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031