24.09.2013թ.-ին «Առավոտում» հրապարակվել էր «Թունդ վիճաբանություն Գյուրջիեւի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանի շուրջ» հոդվածը: Հրապարակման մեջ ներկայացված էին ԱՄՆ-ից Գյումրի ժամանած մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ Մերիլենդ նահանգի դատախազ Ռոն Լեւիտանի եւ նրա կնոջ՝ Քլարի Լեւիտանի, որը Գեորգի Գյուրջիեւի ժառանգության հիմնադրամի իրավաբանն է, դժգոհությունները ի պատասխան Գյումրիի Գյուրջիեւյան հայկական կենտրոնի հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանին: Նշենք, որ Ավետիք Մելիք-Սարգսյանը դատի է տվել Գյումրու քաղաքապետարանի «Հավերժ հիշատակ» ընկերությանը՝ Գյումրու հին գերեզմանոցում գտնվող Գյուրջիեւի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանի ինքնակամ միջամտության եւ ապօրինի շինարարական աշխատանքների հետեւանքով գերեզմանի սկզբնական տեսքը փոփոխության ենթարկելու մեղադրանքով: Իսկ ապօրինի միջամտություն իրականացնողը գյուրջիեւագետ Պատերսոնն է, որը, լինելով Գյուրջիեւի հոգեւոր ժառանգը, փորձել է բարեկարգել փիլիսոփայի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանոցը:
Ավետիք Մելիք-Սարգսյանն արձագանքելով գյուրջիեւագետ Պատերսոնի պաշտպանությունը ստանձնած ԱՄՆ-ից ժամանած անձանց հայտարարություններին՝ «Առավոտին» ուղղված պատասխանում գրում է. «Արդեն 4 ամիս է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում են «Հավերժ հիշատակ» ընկերության դեմ ներկայացված հայցադիմումի դեռ նախնական դատական նիստերը: Գյումրի ժամանած ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Մելիք-Սարգսյանին «սաստելու» կամ էլ վախեցնելու եւ Հայաստանում Պատերսոնի շահերը պաշտպանելու համար գուցե նաեւ «կանչեին» ամերիկյան այլ իրավաբանների, բայց Պատերսոնի շահերը Հայաստանում ոչ ոք չի ոտնահարել: Ընդհակառակը՝ Պատերսոնն ինքն է, շրջանցելով Հուշարձանների պահպանության ՀՀ օրենսդրության պահանջները, 1200 ԱՄՆ դոլար վճարելով Գյումրու քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակից Արմեն Հովսեփյանին, ապօրինաբար փոփոխության ենթարկել Աշուղ Ադաշի գերեզմանի սկզբնական տեսքը՝ առանց համապատասխան թույլտվության եւ համաձայնության: Իմիջիայլոց, Պատերսոնի նման աշխարհում հազարավոր գյուրջիեւյան ուսմունքի հետեւորդներ կան (ինչպես ժամանակին եղել են, ասենք, լեյտենանտ Շմիդտի որդիները): Ոչ ոք չի վիճարկում Պատերսոնի 40 տարվա «նվիրվածությունը» Գյուրջիեւի ուսմունքի եւ կյանքի ուսումնասիրման հարցերում: Կոնկրետ պարագայում գյուրջիեւագիտական հարցերի ուսումնասիրման եւ հանրահռչակման խնդիրներն այլ հարթության եւ հեղինակային իրավունքի հարգման մեջ են: Ըստ Պատերսոնի՝ Գյուրջիեւը ծնվել եւ մեծացել է Կովկասի մի անկայուն «շրջանում», որն իբր թե պետք է լինի Հայաստանը, եւ էլի ըստ Պատերսոնի փայլուն աշխարհագրական գիտելիքների լայնամասշտաբ տեսակետի՝ Գյուրջիեւի ծննդավայրը, այսինքն՝ երեւի թե Ալեքսանդրապոլը, «գտնվում է Ուղղափառ Քրիստոնյա Ռուսաստանի եւ Իսլամական Թուրքիայի, Իրաքի եւ Պարսկաստանի միջեւ»: Եվ պատահական չի, որ Գյուրջիեւի հայկական ինքնության հակառակորդները նրա ծննդավայրի մասին խոսելիս գիտակցաբար խեղաթյուրում կամ էլ ոչինչ չեն նշում ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ալեքսանդրապոլի մասին: Մեր կարծիքով՝ Պատերսոնը պիտի, նախեւառաջ, ամաչեր իր այս խայտառակ եւ ոչ գիտական տեսակետի, այնուհետեւ Գյուրջիեւի ընտանիքի հիշատակը եւ գյումրեցիների ինքնասիրությունը վիրավորելու համար, որ իրենց պապերը ապրել են ոչ թե Հայաստան երկրում, այլ՝ «Ուղղափառ Քրիստոնյա Ռուսաստանի եւ Իսլամական Թուրքիայի, Իրաքի եւ Պարսկաստանի միջեւ»: Իսկ առավել եւս չպիտի այցելեր Գյումրի, այն էլ իբր հոգեւոր կտակ կատարելու համար:
Որտեղ էին Պատերսոնն ու իր նմանները, երբ Ավետիք Մելիք-Սարգսյանը մոտ 3 տարի Գյումրու հին գերեզմանոցում հազարավոր քանդված եւ ոչնչացված գերեզմանների միջից փնտրեց եւ միստիկ ու հոգեւոր ուժերի օգնությամբ հայտնաբերեց եւ անհայտությունից փրկեց Գյուրջիեւի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանը: Գյուրջիեւի դուստրը՝ Դուշկա Հովարդը, որն ապրում էր Նյու Յորքում, շատ հպարտ էր, որ Հայաստանում՝ Գյուրջիեւի ծննդավայրում, ոչ միայն մոռացության չի մատնվել իր հոր անունը, այլեւ անհայտությունից հայտնաբերվել էր իր պապի գերեզմանաքարը եւ նույնիսկ Հայաստանի պետական արխիվում հաջողվել էր գյուրջիեւագիտության մեջ առաջին անգամ գտնել մի շարք արժեքավոր կենսագրական փաստաթղթեր Գյուրջիեւների ընտանիքի վերաբերյալ: Գյուրջիեւի աղջկա հետ համագործակցության արդյունքում Գյումրիի Գյուրջիեւյան հայկական կենտրոնը 2001 թվականից ընդգրկվել է Նյու Յորքի «Գյուրջիեւի Ժառանգության ընկերություն» միջազգային կազմակերպության մեջ: Իսկ 2004-2012թթ. ընթացքում Նյու Յորքի Գյուրջիեւյան հիմնադրամի, Գյուրջիեւի Ժառանգության ընկերություն միջազգային կազմակերպության եւ այլ միջազգային գյուրջիեւագիտական կենտրոնների հետ միասին Գյումրիի Գյուրջիեւյան հայկական կենտրոնը Երեւանում եւ Գյումրիում անցկացրել են բազմաթիվ գյուրջիեւագիտական գիտաժողովներ եւ սեմինարներ: Դուշկա Հովարդը երախտագետ լինելով Ավետիք Մելիք-Սարգսյանին իր կատարած աշխատանքների համար՝ 2000թ., երբ նա գտնվել է Նյու Յորքում, խնդրել էր Ավետիք Մելիք-Սարգսյանին Հայաստանում եւ մասնավորապես՝ Գյումրիում դառնալ Գյուրջիեւների ընտանիքի հիշատակի եւ ընտանեկան մասունքների պաշտպանը: Ինչ վերաբերում է ամերիկացի հյուրերի այն մեղադրանքներին, որ երբ պարոն Պատերսոնը այցելել է Գյումրի եւ դիմել է Ավետիք Մելիք-Սարգսյանին, որպեսզի վերջինս օգնի նրանց Աշուղ Ադաշի գերեզմանը գտնելուն, սակայն նա հրաժարվել է ցույց տալ տեղը, ապա Ավետիք Մելիք-Սարգսյանը վստահեցնում է, որ պահպանված են էլեկտրոնային նամակները, որտեղ հստակ նշված է, որ ինքը Մայքլ Պիտտմանի խնդրանքին ի պատասխան՝ պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ամեն ինչ, եթե Պատերսոնը Հայաստան ժամանի սեպտեմբերի 28-ից հետո»: Ըստ Ա. Մելիք-Սարգսյանի՝ պայմանավորվածության համաձայն՝ Պատերսոնը ժամանել է Հայաստան. «Գյուրջիեւյան կենտրոնում հանդիպման ժամանակ, երբ Ա. Մելիք-Սարգսյանը, Մայքլ Պիտտմանի հետ պայմանավորվածության համաձայն, առաջարկել է վեր կենալ եւ գնալ հին գերեզմաններ՝ Աշուղ Ադաշի գերեզմանը ցույց տալու համար, Պատերսոնը տարօրինակ կերպով հրաժարվել է՝ ասելով՝ ոչ: Ա. Մելիք-Սարգսյանը զարմացած հարցրել է, թե ինչու չեք ուզում այցելել եւ տեսնել Աշուղ Ադաշի գերեզմանը, Պատերսոնը պատասխանել է, թե քարտեզի վրա ցույց տուր, մենք ինքներս կգնանք եւ կգտնենք Աշուղ Ադաշի գերեզմանը: Ա. Մելիք-Սարգսյանի համար ինքնըստինքյան, գոնե հիմա, պարզ է Պատերսոնի գերեզման այցելելուց հրաժարվելը»:
«Առավոտ» օրաթերթ