Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներն ունեն ուսումնական արձակուրդի, հանգստյան օրերի եւ այլ իրավունքներ

Հոկտեմբեր 26,2013 13:29

Դրանց մասին շատերը  չգիտեն

«Գործընկերներս սկսեցին խոսել, թե վերադասս ասել է, որ ես ուսանող եմ, իրավունք չունեմ աշխատելու, ինձ ազատելու է, իմ փոխարեն ընդունելու մեկ ուրիշին, ով ուսանող չէ»,- պատմում է  Մարինե Գեւորգյանը, ով սովորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2-րդ կուրսում:  Նա մեկ տարուց ավելի հերթափոխով աշխատել  է երեւանյան ընկերություններից մեկում՝ աշխատանքը  համատեղելով  ուսման հետ: Պատմում է՝  որոշ ժամանակ անց   տնօրենը  կանչել է իր մոտ եւ առանց որեւէ բացատրության  պահանջել, որ նա ինքնակամ հեռանա աշխատանքից.  «Ինձ վիրավորված զգացի,  դիմում գրեցի եւ  հեռացա, պարզապես հուզմունքս հաղթեց բանականությանս,  բացի այդ՝  չգիտեի՝ նրանք ճիշտ են ասում, որ ուսանողն իրավունք չունի աշխատել, թե ոչ»:  «Սովորող լինելու հանգամանքը չի կարող լինել աշխատանքից հեռացման պատճառ»,- ասում է  իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Անահիտ Մանասյանը:

Սովորելուն զուգահեռ աշխատելը ոմանց համար զբաղմունք է, շատերի համար էլ՝ անհրաժեշտություն. իրենց իսկ վաստակած գումարով վճարում են ուսման վարձերը, օգնում ընտանիքի անդամներին հոգալ առօրյա ծախսերը: Երեւանյան սրճարաններում քիչ չեն աշխատող-ուսանողները, ովքեր օրվա առաջին կեսին սովորում են, երկրորդ կեսին՝ աշխատում:

Մենք հարցում անցկացրինք 30 ուսանող-աշխատողների շրջանում (19-ից 22 տարեկան)՝  պարզելու՝   որքանո՞վ են իրազեկ իրենց աշխատանքային իրավունքներին եւ արդյոք հետամո՞ւտ են լինում դրանց չոտնահարմանը: Պարզվեց՝ նրանցից 10-ը աշխատում է որպես լրագրող, 5-ը՝ հեռահաղորդակցման ընկերություններում, 5-ը՝ խանութ-սրահներում, մյուսները կոսմետիկ ընկերություններում եւ զանազան այլ կազմակերպություններում: Օրվա կտրվածքով ստանում են միջինը 2000-ից 3000 դրամ աշխատավարձ: Մեծամասնությունն աշխատում է ոչ իր ընտրած մասնագիտությամբ: 30 ուսանողներից ընդամենը հինգն  են կատարում կես դրույք աշխատանք, մյուսները աշխատում են լրիվ դրույքով,  ընդ որում՝ աշխատում են ավելի երկար ժամաքանակով, քան  ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված միջին աշխատանքային  ժամը՝ ութը: Մինչդեռ իրավաբանական գիտությունների թեկնածուն  նշում է.  «18 տարեկանից բարձր անձինք՝ այդ թվում ուսանողները, շաբաթվա կտրվածքով պետք է աշխատեն  ոչ ավելի երկար, քան 40 ժամ, այսինքն՝ օրական 8 ժամ՝ ամեն շաբաթ ունենալով մեկ օր հանգստի իրավունք  (մինչդեռ մեր հարցման մասնակիցների մեծամասնությունը աշխատում է  օրական 10 ժամից ավելի- Ն. Բ.)»:

Հարցման ընթացքում պարզվեց, որ ուսանողները հիմնականում  «բախվում» են ժամային խնդիրներին: Նման խնդիրներ ունենում են  ոչ միայն ստացիոնար,  այլեւ հեռակա համակարգում սովորողները՝ չնայած դասերի ավելի քիչ ժամաքանակին:  Երեւանյան խանութ-սրահներից մեկի աշխատակից, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Դիանա Բաղդասարյանն   ասում է՝  ամսվա կտրվածքով  աշխատում է  15 օր՝ օրական 12 ժամ՝ առավոտյան 9-ից երեկոյան 9-ը, երբեմն անհրաժեշտությունից դրդված՝ ստիպված է լինում չներկայանալ կրթական հաստատություն:  «Հաճախ, երբ  աշխատողներից մեկը վատառողջ է լինում, ստիպված եմ լինում փոխարինել նրան ու բաց թողնել դասերս, սակայն տնօրինության հետ պայմանավորվել եմ, որ ավելի քիչ բացակայեմ դասերիցս»,- ասում է նա:  Հարցին՝  որքան գումար է վաստակում օրվա կտրվածքով՝ պատասխանում է՝ 2200 դրամ:  «Գիտեմ քիչ է,  երբ ամբողջ օրը  կանգնած ու ծանրաբեռնված աշխատում ես,  շատ ես հոգնում, բայց դա մեծ բան է  ուսանողներիս համար: Անձամբ  ինքս եմ վճարում ուսմանս վարձը»:   Հարցին՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում  ունենո՞ւմ է հանգստյան օր, պատասխանում է՝ ոչ:   Իսկ  Անահիտ Մանասյանը նշում է՝ յուրաքանչյուր  գործատու պետք է շաբաթվա կտրվածքով ամենաքիչը  35 հանգստյան ժամ  հատկացնի իր աշխատողներին:  «Կան նաեւ 16-18 տարեկան ուսանողներ, որոնց չի թույլատրվում աշխատել շաբաթական ավելի քան 36 ժամ: Բացի այդ՝  նրանց չեն ներգրավում արտաժամյա աշխատանքներին: Նրանց չի թույլատրվում ներգրավել նաեւ  գիշերային աշխատանքներին: Մինչեւ 18 տարեկանների համար շաբաթվա ընթացքում սահմանված է  2 հանգստյան օր»,- ասում է նա:  Ինչ վերաբերում է   առհասարակ արտաժամյա աշխատանքներին՝  դրանցում  չեն ներգրավում նաեւ առանց արտադրությունից կտրվող  հանրակրթական եւ մասնագիտական  հաստատություններում սովորող աշխատողներին:

Հարցման ընթացքում շատ աշխատող-ուսանողներ նշեցին, որ երբեմն գործատուի պահանջով իրենք ստիպված են լինում  բացակայել ոչ միայն դասերից, այլեւ քննություններից: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Անահիտ Մանասյանի խոսքով՝ ուսանողների համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված է   ուսումնական արձակուրդ (խոսքը ամենամյա արձակուրդների մասին չէ, ի դեպ, Մանասյանի խոսքով՝ ուսանողները կարող են իրենց ուզած ժամանակահատվածում օգտվել ամենամյա արձակուրդներից):

«Ընթացիկ քննությունների հանձնման պարագայում ուսանողին տրամադրվում է արձակուրդ՝ յուրաքանչյուր քննության համար 3 աշխատանքային օր,  ստուգարքների դեպքում՝ 2, իսկ  լաբորատոր աշխատանքներ կատարելու պարագայում, եթե դրանք  նախատեսված են  ուսումնական ծրագրով, ապա արձակուրդը   տրամադրվում է  այդ ծրագրով նախատեսված աշխատանքային օրերի քանակով, դիպլոմային աշխատանքի  նախապատրաստության եւ պաշտպանության համար անձին տրամադրվում  է 30 աշխատանքային օր, իսկ պետական, այսինքն՝ ավարտական յուրաքանչյուր քննության  համար ուսանողին հատկացվում է 6 աշխատանքային օր»,- ասում է նա: Հավելում է՝ ինչ վերաբերում է  միջին մասնագիտական հաստատություն  ընդունվող աշխատողներին, ապա յուրաքանչյուր քննության համար նրանց տրամադրվում է 3 աշխատանքային օր, իսկ եթե անձը արդեն սովորում է հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն հաստատություններում, ապա ուսումնական հաստատության միջնորդությամբ  նրան տրամադրվում է ուսումնական արձակուրդ  հետեւյալ աշխատանքային օրերի քանակով եւ համամասնությամբ: Բոլոր դեպքերում ուսումնական արձակուրդի տրամադրման պարագայում չի հաշվարկվում ուսումնական վայր մեկնելու եւ վերադառնալու ժամանակահատվածը: Իսկ աշխատավարձի վճարումը կատարվում է կոլեկտիվ պայմանագրի հիմունքներով կամ կողմերի համաձայնությամբ:

Մեր հարցման ընթացքում աշխատող-ուսանողներից շատերը  նշեցին՝  գործատուն անընդհատ շահարկում է իրենց՝ դեռեւս անավարտ կրթությունը:  Հասմիկ Բալեյանը, ով սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ով տարիներ շարունակ  աշխատել եւ աշխատում  է որպես լրագրող, ասում է. «Շատ գործատուներ պարզապես սրիկաներ են: Հենց  իմանում են, որ դու ուսանող ես, ոգեւորվում են, սկզբում պայմանավորվում են ստույգ աշխատավարձի հարցում, բայց հենց գալիս ա օրը, կոպեկներ են տալիս, օրինակ՝ մեկ նյութի դիմաց  2000-ի փոխարեն 800 դրամ են վճարում, որովհետեւ կարծում են՝  քեզ փորձ, ոչ թե փող  ա պետք, իրենք էլ դրամական  խնայողություն են անում»: Ոմանք էլ դժգոհություն հայտնեցին, որ շատ գործատուներ   իրենց ընդունում են   փորձաշրջան, ամիսներ շարունակ անվճար աշխատեցնում, ապա  «ազատ արձակում»: Աշխատավարձերի եւ փորձաշրջանի հետ կապված հարցերը, ըստ Անահիտ Մանասյանի, պետք է նախատեսված լինեն աշխատանքային պայմանագրով՝  կողմերի համաձայնությամբ: Առանց պայմանագրի կնքման՝ հնարավոր չէ փորձաշրջանի սահմանումը: Առանց պայմանագրի կնքման՝ հնարավոր չի լինի նաեւ  պաշտպանել աշխատողի շահերը՝ կապված աշխատավարձի թերի վճարման հետ: Սակայն մեր հարցման ընթացքում պարզվեց, որ  30 ուսանողներից   միայն 7-ն են ստորագրել աշխատանքային պայմանագրեր: Ուսանողների խոսքով՝ առանց այն էլ աշխատանք գտնելը դժվար է, այս իսկ պատճառով  մանավանդ աշխատանքային պայմանագիր չունենալու պարագայում  փորձում են իրենց իրավունքների հաշվին ամեն բան անել՝ հօգուտ գործատուի շահերի,  քանի որ կա աշխատանքից ազատվելու մտավախությունը:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031