Լրահոս
Օրվա լրահոսը

Որակի անկում՝ ի հեճուկս Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի պահանջների

Հոկտեմբեր 26,2013 13:15

Վերջերս «Ազատ գոտի» հաղորդումը նվիրված էր ավագ դպրոցների կայացման ընթացքին, որի հյուրերից էին ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ու ես: Տիկին Հովհաննիսյանը դրական գնահատեց ավագ դպրոցի կայացման ընթացքը, իսկ  ըստ իս՝ այն շատ հեռու է  դրանից: Ափսոս՝ այդ ժամանակ դեռեւս ձեռքիս տակ չէր 2012թ. նոյեմբերին ՀՀ մարզերի հանրակրթական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ  գնահատման արդյունքների վերլուծությունը, որը ԳԹԿ-ի կայքում  մինչ օրս  հրապարակված չէ՝ հակառակ  «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության նպատակների 7-րդ սահմանած կետի. այն է՝  «Սովորողների գիտելիքների ստուգումների եւ քննությունների արդյունքների ամփոփումը, վերլուծությունների իրականացումն ու դրանց հրապարակումը»: Կարծում եմ՝ այս վերլուծությունը պետք է լիներ տիկին Հովհաննիսյանի ձեռքին, եւ հաղորդման ժամանակ ինքը պետք է հրապարակեր այնտեղ ներկայացված տվյալներն ու խոսեր ըստ էության, որտեղ  նախորդ՝ 2011թ.-ի համեմատ մարզերի ավագ դպրոցներում  արձանագրված է  կրթության որակի անկում, բայց նաեւ արձանագրված է, որ ավագ դպրոցներում  այն  ավելի  բարձր է, քան միջնակարգ դպրոցներում եւ վարժարաններում, այսինքն՝ այնուամենայնիվ ապագան ավագ դպրոցինն է:

Ինչեւէ, ըստ ԳԹԿ-ի վերոնշյալ վերլուծության՝ 2012 թվականի նոյեմբերին արտաքին գնահատմանը մասնակցել են մարզերի 24 ավագ, 87 միջնակարգ եւ 4 պետական վարժարաններ:  2012 թ. հայոց լեզվից եւ մաթեմատիկայից  միջին միավորը  եղել է 4,3, 2011թ. համեմատությամբ այն նվազել է 0.5% -ով (2011-ին՝ 4,35), մաթեմատիկայինը՝ 0.8%-ով (2011-ին՝ 4,38):

Հայոց լեզվից 2012 թ. 6-8  միավոր, այսինքն՝ միջինից բարձր ստացողների թիվը  2011թ. համեմատությամբ նվազել է 5%-ով (2011-ին եղել է 32%), իսկ մաթեմատիկայից աճել է  5%-ով, 16-ից հասել է 21%-ի: Փոխարենը՝ 2012 թ.-ին մարզերում հայոց լեզվից  9-10 բարձր գնահատական  (ավելի ճիշտ կլինի միավոր անվանելը) ստացել է 40, իսկ մաթեմատիկայից՝ 101 աշակերտ, մինչդեռ 2011թ.-ին մարզերում հայոց լեզվից 9-10 միավոր է ստացել 2, մաթեմատիկայից՝ 1 աշակերտ:

Հայոց լեզվից դրական միավորների շեմը չեն հաղթահարել 34%-ը, 38%-ը ստացել է 4-5 միավոր, 27%-ը՝ 6-8 միավոր, 1%-ը՝ 9-10 միավոր: Հայ գրականությունից առաջադիմությունն ավելի ցածր է եղել,  քան հայոց լեզվից, քանի որ  գնահատման մասնակիցների 47%-ը  չի հաղթահարել  միավորների դրական շեմը, 34%-ը, այսինքն՝ դրական շեմը հաղթահարածների մեծամասնությունը, ստացել է 4-5 միավոր, 18%-ը՝ 6-8,  0.7%-ը՝ 9-10 միավոր: Մաթեմատիկայից  միավորների դրական շեմը չեն հաղթահարել աշակերտների 41%-ը, որը  հայոց լեզվի համեմատությամբ 7%-ով   ավելի է, միեւնույն ժամանակ 5%-ով ավելի են եղել 6-10 միավոր ստացողները:

Վերլուծության մեջ կա նաեւ մարզերի այդ դպրոցներում արտաքին եւ ներքին գնահատումների համեմատությունը, ըստ որի՝ 2012թ. ներքին եւ արտաքին գնահատումների միջին միավորների տարբերությունը 2 միավորից բարձր է եղել:

Հայտնի չէ, թե այս  վերլուծությունը քանի  դպրոցի տնօրեն, մարզային կրթության վարչության պետ է տեսել, որեւէ մեկը հետաքրքրվել է այս վերլուծությամբ, թե ոչ: Կարծում եմ, որ ԳԹԿ-ն պետք է ապահովեր  դրանց տարածումը, բայց այն, որ այս վերլուծության մեջ հրապարակված  տվյալները ես որեւէ այլ տեղ չէի կարդացել, ենթադրում եմ, որ  այն ԳԹԿ-ի պատերից դուրս չի եկել, բացի այս դեպքից, երբ ես պատգամավորի միջոցով եմ այն ստացել: Հիշեցնեմ, որ ավագ դպրոցները  ենթակա են ԿԳ նախարարությանը  եւ բնականաբար  հարց  է  ծագում՝  ԿԳ նախարարության  հանրակրթության  ոլորտի փոխնախարարն ու վարչության պետը ծանո՞թ են   այս վերլուծությանը, այն  դարձրե՞լ են   քննարկման առարկա, խորացե՞լ են  մարզերի ավագ դպրոցներում  հայոց լեզվից եւ մաթեմատիկայից   առաջադիմության անկման պատճառների մեջ, թե՞ ավելի հեշտ է հաղորդումների ժամանակ  ասել, թե ամեն ինչ լավ է լինելու, ժամանակ է պետք: Ավելացնեմ, որ ըստ ԳԹԿ-ի կայքի շատ սուղ տեղեկությունների, որտեղ ոչ մի տեղեկություն չկա նույնիսկ ՊՈԱԿ-ի տնօրենի մասին,  2013-ին հանրապետության մարզերի եւ Երեւանի ավագ դպրոցների 11-րդ դասարաններում ընթացիկ գնահատում է իրականացվել հայոց լեզու, հայ գրականություն, հանրահաշիվ եւ երկրաչափություն առարկաներից, կայքում դրված են միայն ըստ դպրոցների աշակերտների ստացած գնահատականներով ցուցակները, սակայն չկա կարեւորը՝ վերլուծությունը, չկան  նաեւ 2012 թ. Երեւանի եւ մարզերի հիմնական դպրոցների  8-րդ եւ 9-րդ դասարաններում արտաքին գնահատման արդյունքների, ավարտական քննությունների արդյունքների  վերլուծությունները, որոնք անհրաժեշտ են  կրթության որակի անկման պատճառները ախտորոշելու համար, չնայած, կարծես դրանով հետաքրքրվող  չկա, իսկ որ այն անկում է ապրում, դա երեւում է ամենուրեք:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

կրթության ոլորտի փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Այ խելացի տիկին ջան, էս ազգին կրթություն պետք չէ, դիպլոմ է պետք, դիպլոմ:Թղթի գործարանին կից մի գործարան բացեն, դիպլոմ արտադրեն ու վաճառեն:Բյուջեն արագ կլցվի, նախագահի պահանջարկ չի լինի:Կրթությունն ինչ են անում:Գարին ցորեն չի դառնալու, ցորենն էլ չի վերածվելու գարու:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031