«Ամերիկայի ձայն» ռադիոկայան Համաշխարհային տնտեսական ֆորումն ուրբաթ օրը հրապարակել է «Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013» զեկույցը, որի համաձայն Հայաստանը զբաղեցրել է ցուցանիշի մեջ ներառված 136 պետություններից 94-րդ տեղը:
Այսպիսով, անցյալ տարվա համեմատությամբ զեկույցում Հայաստանի զբաղեցրած դիրքը նվազել է երկու, իսկ 2011 թվականի համեմատ՝ 10 կետով:
Գենդերային հավասարության ցուցանիշը հաշվարկելիս Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետներն աշխարհի 136 երկրում կանանց և տղամարդկանց հնարավորությունները համեմատել են՝ հիմք ընդունելով քաղաքականության, կարիերայի զարգացման, աշխատանքի վարձատրության, առողջապահության, ինչպես նաև այլ ոլորտների ցուցիչներ:
ԱՊՀ-ի պետություններից զեկույցում Ղազախստանը 32-րդ տեղում է, Մոլդովան՝ 52-րդ, Ռուսաստանը՝ 61-րդ, Ղրղըզստանը՝ 63-րդ, Ուկրաինան՝ 64-րդ, Տաջիկստանը՝ 90-րդ, Ադրբեջանը՝ 99-րդ տեղում: Բելառուսը և Ուզբեկստանը չեն ընդգրկվել զեկույցում` համապատասխան տվյալներ մատչելի չլինելու պատճառով: ԱՊՀ-ի անդամ չհանդիսացող խորհրդային նախկին հանրապետություններից Լատվիան 12-րդ, Լիտվան՝ 28-րդ, Էստոնիան՝ 59-րդ, իսկ Վրաստանը՝ 86-րդ հորիզոնականում են:
Կարդացեք նաև
«Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013» զեկույցում 2009 թվականից առաջատարն Իսլանդիան է, որին հետևում են Ֆինլանդիան և Նորվեգիան՝ համապատասխանաբար զբաղեցնելով 2-րդ և 3-րդ տեղերը:
Զեկույցի ի առաջին տասնյակում են նաև Շվեդիան, Ֆիլիպինները, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Շվեյցարիան և Նիկարագուան:
Վարկանիշի վերջին տեղերում են Չադը, Պակիստանը և Եմենը:
«Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013» զեկույցում Միացյալ Նահանգները զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը: