Հասարակական տրանսպորտի ուղեվարձի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի անդամներ են հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, անհատ քաղաքացիներ եւ պետական կառույցների պատասխանատուներ՝ այսօր Երեւանի քաղաքապետարանում երկրորդ նիստն էր գումարել:
Հանձնաժողովի 37 անդամներից ներկա էին 25-ը: Մոտ երեք ժամ տեւած քննարկման ընթացքում, ներկայացվեց ծախսերի հաշվարկը, այսինքն՝ այն ծախսերը, որոնք ամսվա կամ տարեկան կտրվածքով անում են երթուղագիծ շահագործող տնտեսվարողները, որից էլ պետք է գոյանա նոր ուղեվարձի հաշվարկը:
Հանձնաժողովի նիստը վարող փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն անդրադառնալով, օրերս, մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ուղեվարձի սակագինը 150-ից էլ բարձր է լինելու կամ, ըստ որոշ հաշվարկների, երթուղագիծը կարելի է սպասարկել նույնիսկ 70-75 դրամով, հանձնաժողովի անդամներին կոչ արեց հարցազրույցներ տալիս ապատեղեկատվություն չհրապարակել, քանի որ դեռեւս, ուղեվարձի գոյացման վերջնական հաշվարկ չկա: Նա նաեւ հորդորեց, ուղեվարձի վերաբերյալ հաշվարկներ ունենալու դեպքում ներկայացնել հանձնաժողովին:
Կարդացեք նաև
Ներկայացնելով վառելիքի, անվադողերի, ամորտիզացիոն ծախսերի, վարորդի աշխատավարձի, մեքենայի մարտկոցի, հարկերի եւ տուրքերի եւ սակագնի ձեւավորման հարցում կարեւոր դերակատարում ունեցող ծախսերը՝ պարոն Նիկոյանն ասաց, որ հաշվարկների համար հիմք են ընդունվել ՌԴ-ում գործող նորմատիվները:
Ընդունվեց, որ աշխատանքային օրերի քանակը 25 աշխատանքային օր է: Յուրաքանչյուր 5 ավտոբուսի, միկրոավտոբուսի համար էլ՝ 1 պահուստային ավտոբուս եւ միկրոավտոբուս: Մեկ միավոր վառելիքի գինը միկրոավտոբուսի համար հանձնաժողովը օգտվելով ազգային վիճակագրական ծառայության միջինացված թվերից սահմանեց 214 դրամ մեկ խմ-ի համար, ավտոբուսի դիզելի համար՝ 476 դրամ:
Հանձնաժողովի անդամներից մեկի դիտարկմանը, թե որքանո՞վ է ճիշտ օգտագործել հենց վիճծառայության տվյալը եւ ինչո՞ւ են վերցրել օգոստոսին արձանագրված վառելիքի գինը, պարոն Նիկոյանն ասաց, որ գազը թանկացել է հուլիսից այդ պատճառով դիտարկվել է օգոստոսի տվյալը, իսկ վիճծառայության տվյալը կարելի է այլ տվյալներով փոխարինել, եթե առաջարկներ լինեն:
Ի պատասխան «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ տնօրեն Բաբկեն Պիպոյանն ասաց, որ սեփական ուսումնասիրությունն են անցկացրել եւ պարզել, որ մեկ խմ գազի գինը շուկայում կազմում է 160-170 դրամ, ներառյալ թեյավճարը, որն այսօր պահանջում են գազալցակայաններում: Բաբկեն Պիպոյանի առաջարկը, որ գազի ծախսը չհաշվարկեն ԱՎԾ տվյալներով, այլ լրացուցիչ ուսումնասիրություն կատարել Երեւանի գազալցակայաններում համոզվելու համար, որ ավելի էժան է մեկ խմ գազը, պարոն Նիկոյանն ընդունելի համարեց:
Շարժիչի յուղի, քսանյութերի ծախսի հաշվարկը անելիս մեկ լիտր յուղի արժեքը ԱՎԾ տվյալներով, 1215 դրամ են դիտարկել, ուստի յուղերի ամսական ծախսը միկրոավտոբուսի համար կազմում է 7813 դրամ, ավտոբուսինը՝ 26 հազար 751 դրամ:
«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ եթե հաշվարկներն այսպես շարունակվի, ապա ուղեվարձի բարձր սակագին կստանանք, ուստի առաջարկեց որոշ հարցերում պետությունը ավելացված արժեքի հարկը չկիրառի, որպեսզի բարձր սակագինը մեղմվի:
«Մենք սակագին չենք հաշվում, ինքնարժեք ենք հաշվում»,-պարոն Սաֆարյանին պարզաբանեց Վահե Նիկոյանը:
Տեխնիկական սպասարկման եւ նորոգման ամսական ծախսերը միկրոավտոբուսի համար հաշվարկվել է 55 հազար 967 դրամ, ավտոբուսի համար՝ 139 հազար 917 դրամ:
«Այս հաշվարկով տեխնիկական միջոց սպասարկել եւ պահել հնարով չէ»,-այս հաշվարկի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց մի քանի երթուղագծեր շահագործող «Դավիթ երթուղային տաքսի» ընկերության տնօրեն Հարություն Առաքելյանը: Բաբկեն Պիպոյանի հարցին, թե տարվա կտրվածքով որքա՞ն գումար է կազմում տեխնիկական միջոցի սպասարկման համար, պարոն Առաքելյանն ասաց՝ 600 հազար դրամ: Ի պատասխան, Բաբկեն Պիպոյանը հաշվարկ ներկայացրեց, որ, օրինակ՝ 55 հազար 967 դրամը բազմապատկելով 12 ամսով, տնտեսվարողի մատնանշած գումարից, ավելի մեծ թիվ է ստացվում: Անվադողերի փոխարինման ծախսերի հաշվարկով, ըստ Վահե Նիկոյանի, մեկ ամսվա ծախսը կազմում է միկրոավտոբուսների համար՝ 18 հազար 249 դրամ ավտոբուսների համար՝ 58 հազար 822 դրամ:
Փոխքաղաքապետի տվյալներով, մարտկոցի փոխարինման ծախսերի համար կիրառել են ՌԴ-ի նորմատիվը, քանի որ ՀՀ-ում չկար այդպիսի չափորոշիչ: Այս ծախսը մեկ ամսվա հաշվարկով միկրոավտոբուսի համար կազմում է 1458 դրամ, ավտոբուսի համար՝ 4750 դրամ:
Շարժակազմի ամորտիզացիոն ծախսերը մեկ ամսվա հաշվարկով մեկ միկրոավտոբուսի համար կկազմի 135 հազար դրամ, ավտոբուսի համար 161 հազար 773 դրամ: Վ. Նիկոյանը նաեւ ներկայացրեց ամսվա կտրվածով վերադիր ծախսերի հաշվարկը, որը միկրոավտոբուսի դեպքում կազմում է 74 հազար 250 դրամ, ավտոբուսի համար՝ 80 հազար 887 դրամ:
Վարորդների ամսական աշխատավարձի չափն էլ՝ աշխատաժամով պայմանավորված, կազմում է 165 հազար դրամ:
Աշխատավարձի հաշվարկի մասով Բաբկեն Պիպոյանն առարկություններ ուներ՝ վստահեցնելով, որ իրականում վարորդներն ավելի շատ են վաստակում: Նա այս կետի քննարկմանը դեմ քվեարկեց:
Հարկեր, տուրքեր ու պարտադիր վճարների հաշվարկն անցավ միաձայն:
Ամսական մեկ միկրոավտոբուսի համար դրանք, ըստ մասնագիտական հաշվարկների, կազմում են 141 հազար 878 դրամ, ավտոբուսի համար՝ 151 938 դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ