Սյունիքի մարզպետարանում անցկացված մարզխորհրդի այսօրվա նիստը տարբերվեց մյուս մարզխորհրդի նիստերից՝ իր ակտիվ քննարկումներով ու բարձրացված հարցերի առատությամբ: Նույնիսկ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին անցկացվող նիստերն այսքան աշխույժ չեն անցել, հարցեր բարձրացնողներ թեեւ լինում էին, բայց ոչ նման ակտիվությամբ:
Այսօր գյուղապետերն անկաշկանդ ներկայացնում էին գյուղերին մտահոգող նույնիսկ ամենափոքր խնդիրները՝ հողերի կատեգորիաների փոփոխության հետ կապված անճշտությունների, անշարժ գույքերի սեփականաշնորհման, առողջության առաջնային պահպանման կետերի շենքային պայմանների բացակայության, պահպանման ծախսերի եւ այլ խնդիրների մասին:
Մի շարք գյուղապետեր էլ դժգոհեցին, որ շտապ օգնության ծառայությանը դիմելիս՝ վերջիններս հրաժարվում են արձագանքել, աշխատակիցը պահանջում է, որպեսզի տվյալ գյուղը սպասարկող բուժքույրն անձամբ շտապ օգնության կայան զանգահարի, ինչն անընդունելի են համարում գյուղապետերը:
Խնձորեսկի գյուղապետն էլ դժգոհեց, որ իրենց գյուղում տեղակայված բուժկետի հոսանքի եւ մյուս այլ ծախսերը ստիպված է լինում գյուղապետարանը հոգալ՝ իր բյուջեի սուղ միջոցներով, իսկ Ծավի գյուղապետը նշեց, որ գյուղի մանկապարտեզի գոյությունը գյուղապետարանը շատ մեծ դժվարությամբ է առկա խղճուկ գումարով պահում, նույնիսկ սննդի հարցով բարերարներն են օգնում:
Օրակարգում ընդգրկված բոլոր ելույթներին հաջորդում էին հարց ու պատասխանի տարբերակով ընթացող բուռն քննարկումները: 2013թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի, համահարթեցման դոտացիաների և ՀՀ ոստիկանության ռեգիստրում առկա տվյալների ու մարզի համայնքների բնակչության փաստացի թվաքանակի համադրելիության խնդրին անդրադարձավ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Թադևոս Ղազարյանը: ՀՀ Սյունիքի մարզի համայնքների 2013թ. բյուջեներով եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.7%-ով։
«Ընդհանուր առմամբ, 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը կարծես թե բավարար է, սակայն պատկերը այլ է հոկտեմբերի 23-ի դրությամբ, մասնավորապես՝ գույքահարկի գծով 10 ամիսների համար նախատեսվածի մինչև 20% հավաքագրում չեն ապահովել մարզի Աղվանի, Գեղանուշ, Տանձավեր, Լծեն, Վաղատին, Ույծ, Գուդեմնիս համայնքները, զրոյական ցուցանիշ ունեն մարզի Տավրոս, Չափնի, Վարդավանք համայնքները: Հողի հարկի գծով՝ նախատեսվածի 50% կատարման ցուցանիշ չեն ապահովել Նռնաձոր, Նժդեհ, Շաղաթ, Լծեն, Հալիձոր, Տեղ, Բարձրավան, Վարդավանք, Շիկահող, Կաղնուտ և Անտառաշատ համայնքները», – նշեց Թադեւոս Ղազարյանը ու հավելեց, որ մարզում կան նաեւ տեղական տուրքի գծով 10 ամիսների համար նախատեսված ցուցանիշի զրոյական մակարդակ ապահոված համայնքներ:
Առանձին մի շարք համայնքների ղեկավարների կոչ արվեց մինչեւ տարեվերջ բարձր ցուցանիշ ապահովել: Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը նշեց, որ մարզում շարունակում է խնդիր մնալ բժիշկ մասնագետների համալրման հարցը: Բժշկական համալսարանի 5 շրջանավարտներ մարզպետի միջնորդությամբ կնքել են պայմանագրեր ՀՀ ԱՆ հետ և այս սեպտեմբերից անվճար կլինիկական օրդինատուրայում մասնագիտանում են, ավարտից հետո էլ աշխատանքի կանցնեն մարզի բուժհաստատություններում: Աշխատանքներ են տարվում նորավարտ բժիշկների կեցության, բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:
«Բժշկական հաստատությունները կարիք ունեն արդիական բժշկական սարքավորումներով հագեցման: Մարզի բնակիչների՝ Երևանի բժշկական հաստատություններ ուղեգրման հիմնական պատճառներից է մարզում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորության բացակայությունը: Օրակարգային է ունենալ մարզում համակարգչային տոմոգրաֆ, սարքավորումներ, որոնց առկայությունը հնարավորություն կտա նաև բարդ ակնաբուժական վիրահատություններ իրականացնել մարզում: Խնդիրներ ունենք նաև մարզի գյուղական համայնքների բնակչության բուժսպասարկման գործում», – ասաց վարչության պետը:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը անդրադարձավ մարզխորհրդի նիստի ընթացքում բարձրացված տարբեր ոլորտներին վերաբերվող հարցերին եւ համայնքի ղեկավարներին հորդորեց համայնքներում առկա բոլոր խնդիրներն ամբողջականացնել եւ ներկայացնել մարզպետարան՝ դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Մարզպետը հայտարարեց, որ առաջիկայում կրկին կշարունակի շրջել մարզի համայնքներում եւ տեղում կծանոթանա համայնքներին մտահոգող բոլոր հիմնահարցերին: Օրերս Վահե Հակոբյանը աշխատանքային խմբով այցելել էր նաեւ Սիսիանի տարածաշրջանի համայնքներ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ