Մարսելի քաղաքապետ, Սենատի փոխնախագահ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպում ունեցավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ուսանողության և դասախոսական կազմի հետ: Մարսելի քաղաքապետարանը տարիներ շարունակ ֆինանսավորում է համալսարանի 4-րդ կուրսի ուսանողների մեկամսյա պրակտիկան Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանում:
Այս առթիվ Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանն ասաց. «Մեծ բան է, որ հայ ուսանողները մեկ ամիս ոչ միայն պրակտիկա են անցնում Էքս-Մարսել համալսարանում, այլև այդ ընթացքում ապրում են Մարսելում իրենց հյուրընկալող ընտանիքներում: Իսկ ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, պետք է ասեմ, որ այն ինձ ստիպում է հպարտանալ, որ հայ եմ»:
Նշենք, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը միջպետական բուհ է, որը միաժամանակ շնորհում է հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ: Համալսարանի շրջանավարտների` Հայաստանում աշխատանքի տեղավորման գործակիցը կազմում է շուրջ 70 տոկոս:
Հայաստան այցի շրջանակներում կնքվել է նաև համագործակցության համաձայնագիր Էքս-Մարսել և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների միջև: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն ասաց, որ իրենք այդ համաձայնագրով որոշել են կրկնապատկել Մարսելում պրակտիկա անցնող ուսանողների թիվը: Եվ, նախնական տվյալներով, Ֆրանսիական համալսարանի 10 ուսանող մեկամսյա պրակտիկա կանցկացնի Էքս-Մարսել համալսարանում:
Կարդացեք նաև
Էքս-Մարսել համալսարանը Ֆրանսիայի ամենամեծ համալսարաններից մեկն է: Այն ունի 72000 ուսանող, որից 10000-ը օտարերկրացիներ են:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, կարևորելով երկու երկրների համալսարանների միջև համագործակցությունը, ասաց. «Մարսելն առաջին քաղաքներից է եղել, որ ցեղասպանության ժամանակ ընդունել է հայերին, և այս համագործակցությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Մարսելը միշտ հայերի կողքին է»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ