Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզում բացվեց ևս երկու ամբուլատորիա

Հոկտեմբեր 25,2013 18:27

Կոտայքի մարզի Ակունք, Վերին Պտղնի և Ներքին Պտղնի համայնքների ավելի քան 4700 բնակիչներն այսուհետև առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան նորակառույց կենտրոններում։ Այսօր Վերին Պտղնիում և Ակունքում նոր ամբուլատորիաների բացման հանդիսությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և պաշտոնատար այլ անձինք։

Շնորհավորելով համայանքների բնակիչներին, նախարար Դերենիկ Դումանյանը մաղթեց, որպեսզի կենտրոնների բացումը նպաստի ծնունդների աճին, հիվանդացության նվազմանը և մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը:

 «Առաջիկայում հանրապետությունում սկրինինգային մեծ ծրագիր ենք սկսելու, որի շրջանակներում մեր ամբուլատորիաները լրացուցիչ սարքավորումներ կստանան, կընդլայնվեն հետազոտությունների ծավալները»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ ամբուլատորիաները թե՛  արտաքին հարդարմամբ, թե՛ ներքին հագեցվածությամբ ապահովում են որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտ բոլոր պայմանները:

Դերենիկ Դումանյանը նաև շեշտեց, որ հաջորդ տարի զգալիորեն կբարձրանան առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը:

Նշենք, որ  անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով, ինչպես նաև բժշկական կահույքով ապահովված կենտրոնները  կառուցվել են Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում։

«Մինչև տարեվերջ Կոտայքի մարզում նորակառույց ևս մեկ ամբուլատորիա կբացվի։ Այս ծրագրով 2013թ.-ին հանրապետությունում արդեն շահագործման է հանձնել 13 նորակառույց պոլիկլինիկա։ Եվս վեցի շինարարությունը կսկսենք խնայված միջոցների հաշվին»,-ասաց նախարարը` նշելով, որ մեծ թափով ընթանում են նաև Աբովյանի, Ալավերդու, Բերդի, Կապանի բժշկական կենտրոնների վերակառուցման և արդիականացման, Մեղրիի ԲԿ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները։  Մինչև տարեվերջ կսկսվեն նաև Վանաձորի հիվանդանոցի նոր շենքի, Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ու  Ճամբարակի ԲԿ-ի հիմնանորոգման աշխատանքները։

Վերին Պտղնիի  ԱԱՊԿ-ը, որ սպասարկում է նաև Ներքին Պտղնի  համայնքի բնակիչներին, նախկինում տեղակայված էր  վթարային շենքում` զբաղեցնելով մոտ 50 քառ. մետր տարածք և գտնվում էր անմխիթար վիճակում, չուներ ջրամատակարարման, ջեռուցման և կոյուղու համակարգեր: Իսկ Ակունքում բուժօգնության ծառայությունները մատուցվել են մշակույթի տան  առաջին հարկի մեկ սենյակում  (35 քառակուսի մետր):

Երկու ամբուլատորիայի շինարարական աշխատանքներն էլ սկսվել էին 2012 թվականի դեկտեմբերին։

Վերին Պտղնի համայնքում ներդրվել է շուրջ 48.5 մլն դրամ, որից  շուրջ 46 մլնը` շինարարություն (նախահաշվային արժեքը` 62,1 մլն դրամ) և շուրջ 2.5 մլնը` բժշկական սարքավորումներ ու պարագաներ, բժշկական կահույք:

Ակունք համայնքում ներդրվել է շուրջ 54.5 մլն դրամ, որից  շուրջ 52 մլնը` շինարարություն (նախահաշվային արժեքը` 60,5 մլն դրամ) և  շուրջ 2.5մլնը` բժշկական  սարքավորումներ ու պարագաներ, բժշկական կահույք:

Ծրագրի շրջանակում ամբուլատորիաների բժիշկները և բուժքույրերը մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում 2» վարկային ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում նաև վերանորոգվել են Մեղրաձորի ամբուլատորիան, Նոր Գեղիի, Արամուսի, Քասախի, Զովունիի, Քանաքեռավանի և Մրգաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնները,  կառուցվել է Բուժականի  ամբուլատորիան:

   Ընդհանուր առմամբ,  երկրորդ վարկային ծրագրի երկրորդ փուլում  Կոտայքի մարզում կատարվել է ավելի քան 204 մլն  դրամի  (շուրջ 567.3 հազ. ԱՄՆ դոլարի) չափով ներդրում:

Արդյունքում ՀԲ կողմից աջակցվող առողջապահական ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզում   վերանորոգվել կամ կառուցվել է 23  ամբուլատորիա։  Դեռևս ենթակառուցվածքների բարելավման և նորոգման կարիք ունի գյուղական  5 ամբուլատորիա:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031