«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած բռնարարքների գործով` Վահե Ավետյանի եւ նրա ընկերների, Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին այսօր ներկայացել տուժողներ, Վահե Ավետյանի ընկերները`Արտակ Բայադյանն ու Գարիկ Սողոմոնյանը:
Նրանք կանչվել էին լրացուցիչ ցուցմունք տալու, հարցաքննության, քանի որ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանն ու Արթուր Բաբլոյանը լրացուցիչ ցուցմունքներ էին տվել եւ հայտնել, թե ով ում է հարվածել:
Մասնավորապես, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն ասել էր, թե տուժող, հանգուցյալ Վահե Ավետյանին ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում հարվածել է միայն ինքը, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասել էր, թե հարվածել է տուժող Արտակ Բայադյանին, իսկ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն էլ ասել էր, թե ինքը հարվածել է միայն տուժող Գարիկ Սողոմոնյանին:
Տուժողներից միայն Արկադի Աղաջանյանն ըստ իր ընկերների, Հայաստանում չէ, արտերկրում է, եւ հայտնի չէ, թե երբ կգա Հայաստան:
Դատարանը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կդիմի ոստիկանության պատկան կառույցին, տեղեկություններ ստանալու համար, թե նա երբ է դուրս եկել հանրապետությունից ու ժամանե՞լ է արդյոք, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Այսօր դատարանը լսեց տուժողներ Արտակ Բայադյանին եւ Գարիկ Սողոմոնյանին:
Արտակ Բայադյանն ասաց, որ չի բացառում , որ իրեն ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն է հարվածել, բայց նաեւ պնդեց, թե մի քանի հոգի են իրեն ծեծի ենթարկել:
Նա առաջին հարվածը ստացել է թիկունքից` ծոծրակին:
Ըստ տուժողի, ինքը շրջապատված եղել մի քանի հոգով, հարվածներն եղել են անսպասելի, անընդհատ, նա ուշագնաց է եղել: Բոլոր ամբաստանյալները եղել են ավտոկայանատեղիում:
Տուժողը ինչպես իր առաջին դատաքննական ցուցմունքի ժամանակ, այնպես էլ լրացուցիչ ցուցմունքի ժամանակ պնդեց, որ ինքն առանց «մայկա» է եղել, առանց կոշիկների:
Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը «կինո» համարեց ասվածը, ամբաստանյալն ասաց, թե տուժողի հագին գետնին ընկնելու ժամանակ էլ եղել է «մայկա»:
Տուժողը բացառեց, թե իրեն ծեծի է ենթարկել մեկ հոգի, եւ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան, հանրային գրասենյակի պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին էլ, թե «ինչպե՞ս եք բացառում, թե մի հոգի է ծեծել», պատասխանեց. «Ինձ են ծեծել, մի քանիսն են եղել, ես դա զգացել եմ, չորս-հինգ հոգի ծեծել են»:
Պաշտպանական կողմը հարցեր տվեց նաեւ հանգուցյալ Վահե Ավետյանին ծեծելու, նրան ավտոկայանատեղիում տեսնելու, նրան շրջապատելու հետ կապված:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի դիտարկմամբ, մյուս տուժողների դեմ արված գործողություններն Արտակ Բայադյանը չի տեսել, սակայն տարօրինակ է, որ տեսել է Վահե Ավետյանի դեմ կատարված գործողությունները:
Այստեղ միջամտեց դատախազը` Արմեն Մարուխյանը, որն ասաց. «Վահեն առջեւում է եղել, հետեւաբար, տուժողը կարող էր տեսնել:
Ամբաստանյալ, ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպանին էլ` Սերգեյ Մկրտչյանին հետաքրքրում էր, թե տուժող Վահե Ավետյանի քիթը կոտրվե՞լ էր, եթե այո, ապա ինչո՞ւ ընկերները նրան բուժհիմնարկ չեն տեղափոխել, որքան է տեւել քթի արյունահոսումը»:
Տուժողը ասաց, որ չի կարող առաջնորդվել հետեւություններով, Վահե Ավետյանի հետ լվացարան չի գնացել, սակայն արյան հետքեր չի տեսել, երբ Վահեն լվացարանից դուրս է եկել: Այս պատասխանն ակնհայտորեն դուր չեկավ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպանին` Միհրան Պողոսյանին, որը ասում էր, որ տուժողը պարտավոր է պատասխանել, քանի որ իր հետագա հարցը բխելու է այս պատասխանից, սակայն փաստաբանի հարցադրման տոնը փոքր-ինչ ագրեսիվ էր, որը դատարանի կողմից գնահատվեց անհարգալից տուժողի նկատմամբ: Դատարանն անգամ սանկցիա կիրառեց, նախազգուշացնելով փաստաբանին:
Նախազգուշացումից հետո պաշտպանը հարցրեց տուժողին նույն տոնով, թե նա «ուղեղի ցնցում է ստացել, անցե՞լ է», ինչին տուժող Բայադյանը պատասխանեց, որ մի անգամ ստուգվել է:
Նա իր մարմնական վնասվածքների համար էլ ասաց, թե երեսունից ավելի էին դրանք, մինչ օրս սպիները մնացել են:
Ավելի ագրեսիվ էր ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, որը իր լրացուցիչ ցուցմունքից հետո նկատելիորեն փոխվել է:Մինչ օրս նա աչքի չի ընկել դատարանում , անգամ հարգալից էր եւ սակայն երրորդ նիստն է,ինչ այս ամբաստանյալին ասես, փոխած լինեն: «Ես քեզ խփե՞լ եմ, ես սցենար գծո՞ղ եմ» գրեթե բղավելով հարցրեց նա տուժողին:
Տուժող Գարիկ Սողոմոնյանը ասելիք չուներ:Նա հայտնեց, որ Նորայր Հայրապետյանի հարվածից հետո ընկել է, նրան չի հայհոյել, նրա հարվածից հետո աչքերը սեւացել է, ոչինչ չի տեսել:
Պաշտպանի հարցին, թե Նորայրը ագրեսիվ խոսք ասե՞լ է, տուժողը պատասխանեց. «Ոչ, հանգիստ խոսացել ենք: Չեմ հերքում որեւէ բան, ոչ վախում եմ, ոչ ամաչում, չեմ հիշում»:
Ամբաստանյալ Արման Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, որ բոլորը կարող են վկայել, որ ինքը դեպքի վայրում չի եղել, հորդորեց տուժողներին իրենց` ամբաստանյալների նման ճիշտ ցուցմունք տան, դատարանին հայտնեն իրականությունը, եւ ոչ թե լրատվամիջոցների համար նյութեր նախապատրաստելու համար ինչ-որ բաներ ասեն, ասեն, այն, ինչ տեսել են:
Ի դեպ, այսօր դատական նիստին հետեւում էին «Նախախորհրդարանի» անդամները, եւ օրերս ազատազրկման վայրից վերադարձած, քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի չորսին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ