«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի կբացի «Իմ մայրիկն Ամերիկայում է եւ նա հանդիպել է Բաֆֆալո Բիլին» համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմը: Փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ: Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեցին փառատոնի կազմակերպիչները` հավելելով, որ 500 ֆիլմ է մասնակցում 70 երկրից, փառատոնին ցուցադրվելու է 212-ը: Ժյուրին բաղկացած է հայ եւ միջազգային մասնագետներից:
Ծրագրերի ղեկավար Քրիստինե Զաքարյանի փոխանցմամբ` այս տարի մրցութային ծրագրերում երկու նոր անվանակարգ է ավելացել՝ երաժշտական եւ անիմացիոն ֆիլմեր: «Կա նոր հետաքրքիր ծրագիր՝ քաղաքական եւ փաստագրական անիմացիա: Այս ծրագրի շրջանակներում մի քանի ֆլիմեր են ցուցադրվելու: Ծրագրում կա նաեւ փառատոնային ընտրանի, որի ընթացքում ցուցադրվելու են այս տարիների լավագույն ֆիլմերը»,- ասաց նա:
Այս տարվա կինոփառատոնին հայ մասնակիցների թիվն ընդլայնվել է` ընդհանուր առմամբ տասն են, որից ութը՝ Հայաստանից, մյուս երկուսը` Ռուսաստանից և Իրանից: Երեք ֆիլմ կա կարճամետրաժ մրցութային, ինչպես նաև երաժշտական եւ գովազդային ծրագրերում:
Զաքարյանի խոսքով` այս տարի լիամետրաժ ֆիլմերի ծրագիրը շատ հետաքրքիր է եւ առավելությունը կայանում է նրանում, որ բացման ֆիլմը նախկին ԽՍՀՄ երկրներում դեռ չի ցուցադրվել, այստեղ է ցուցադրվելու առաջին անգամ:
Կարդացեք նաև
Ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, հրավիրված լավագույն մասնագետների վարպետության դասեր կլինեն «Թումո» կենտրոնում
Հայաստանյան ծրագրերի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանն էլ նշեց, որ նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի Արցախում. «Վստահ ենք, որ անիմացիան չկենտրոնացնելով մայրաքաղաքում՝ լավ անակնկալ ենք մատուցում ղարաբաղցի հանդիսատեսին: Երեք օր շարունակ Ստեփանակերտում պիտի ներկայացնենք այս տարվա ֆիլմերի լավագույն ընտրանին»:
«Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն հինգերորդ կինոփառատոնին այս տարի ներկա կլինի նաև Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքին:
Այս տարի «ՌեԱնիմանիա»-ն նշում է իր հնգամյա հոբելյանը, ինչը համընկնում է հայ անիմացիոն արվեստի 75 ամյակի հետ: Կինոփառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի աջակցությամբ:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ