Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն ՀՀ իշխանություներին հիշեցնո՞ւմ է մամուլի ազատության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները

Հոկտեմբեր 25,2013 17:34

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ընդգծել էր, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընթացող արդյունավետ համագործակցությունը։

Նա հավելել էր, որ Հայաստանը լուրջ ճանապարհ է անցել խոսքի ազատության ապահովման ուղղությամբ, այնուհետև ողջունելով իշխանությունների կողմից այդ բնագավառում իրականացվող քայլերը՝  հավաստիացրել էր, որ շարունակելու է իր գրասենյակի փորձագիտական աջակցությունը։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ չէր ներառվել Միյատովիչի խոսքի այն հատվածը, որտեղ նա ասում է. «Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները ներկայացնեն խոստացված բարեփոխումները, որոնք վերաբերում են հեռարձակման ոլորտի օրենսդրությանը` բազմակարծության ապահովման խթանման ուղղված»:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք` այս հայտարարությունից կարելի՞ է եզրակացնել, որ ԵԱՀԿ-ն գոհ չէ ՀՀ-ում մամուլի ազատության աստիճանից: Պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Դա իրենց կարծիքն է, որ դժգոհ են, և դա նորություն չէ: ՀՀ ԶԼՄ-ները անազատ են գնահատվել Freedom House-ի կողմից` 2003-ից հետո`Ա1+-ի և «Նոյյան տապանի» հեռարձակման դադարից հետո: ՀՀ-ում պիտի հեռուստառադիոոլորտը թվայնացվեր, քանի որ ողջ աշխարհում է տեղի ունենում հեռուստառադիոհաճախականությունների ավելացում: Դրա արդյունքում հեռուստառադիոբազմազանությունը  պիտի ավելացվեր, այնինչ մերի դեպքում նվազեց: Նաև մինչ օրս թվայնացման գործընթացը սառեցված է, որոշված էր` 2015-ի հունվարի 1-ից անցում կատարել, բայց վերջերս օրենքի մեջ փոփոխություն անելով ՀՀ իշխանությունները դա կես տարով հետաձգեցին»:

Լևոն Բարսեղյանը հիշեցրեց նաև Ա1+-ի ոտնահարված իրավունքի վերականգնման հարցը. «Հաճախականություն չտրամադրվեց` որպես  Ա1+-ի վերականգնում, ընդամենը նոր մրցույթ հայտարարվեց: Հեռուստառադիոլորտի մի շարք խմբերի միավորումները մեկ հովանոցի տակ, սեփականատերերի, անձանց անհայտությունը, այն, որ հասարակությունը չգիտի, թե հեռուստառադիոհաճախականությունները օգտագործող ընկերությունները ում են պատկանում, քանի տոկոսով են պատկանում սեփականատերերին, այն, որ այս տարի երկու լրագրող է ազատվել աշխատանքից սեփականատերերի և խմբագիրների քիմքին տհաճ ֆեյսբուքյան գրառումների համար, սրանք այն փաստերն են, որ ԶԼՄ-ների անազատությունն են ցույց տալիս: Ուստի մեր հարցերը մենք պիտի կարգավորենք, ՀՀ իշխանությունները չեն ազդվում այս կամ այն օտարերկրյա պաշտոնյայի մտքերից, անգամ եթե հսկայական դրամաշնորհներ են ստանում Եվրոպայից կամ ԱՄՆ-ից»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031