«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ այն ժամանակ այդ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, երբ որոշում կայացրեցին առանձնանալ «Ժառանգություն» խմբակցությունից, այլեւս չներկայացնել այդ խմբակցությունը, համատեղ վերջին նիստից հետո հանդես եկան հայտարարությամբ: Խաչատուր Քոքոբելյանն այսպես բացատրեց «Ժառանգության» հետ իրենց խնդիրները եւ հեռանալու պատճառները. «Ես առաջարկեցի, որ Ռուբեն Հակոբյանը չներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը, որովհետեւ միակ ժառանգականը մեր խմբակցությունում, այդպես ստացվեց, Զարուհի Փոստանջյանն է: Ես առաջարկեցի, դա օրակարգ չմտավ, որովհետեւ մեծամասնությունը դրան դեմ եղավ»:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ եք նման բան առաջարկել՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իրավիճակից ելնելով: Որովհետեւ ես հասկացել եմ մի բան, որ բարոյական կլինի, որ «Ժառանգություն» անունով խմբակցությունը, որը ներկայացնում է «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միասնական խմբակցությունը, զուտ ելնելով իրավիճակից, նկատի ունեմ քաղաքական՝ ճիշտ կլիներ: Ես դա արել եմ ֆրակցիայի ամենաառաջին նիստի ժամանակ: Նկատի ունեմ, երբ ընտրություններից հետո մենք առաջին նիստն արեցինք, եւ այսօր էլ պնդեցի, որ պետք է ժառանգականների իրավունքը վերականգնել: Ես պարտավոր եմ բոլորի իրավունքները պաշտպանել, այդ թվում նաեւ՝ իմ»:
Այսօր, երբ արդեն Ռուբեն Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը չէ եւ կատարվել է Խաչատուր Քոքոբելյանի ցանկությունը՝ Զարուհի Փոստանջյանն է այդ տեղում, Aravot.am-ը փորձեց պարոն Քոքոբելյանից ճշտել՝ հնարավո՞ր է, որ իրենք նորից շարունակեն ներկայացնել «Ժառանգություն» խմբակցությունը:
Նա պատասխանեց. «Ես «Ժառանգություն» խմբակցության հետ կապված որեւէ բան չեմ ուզում մեկնաբանել: Ես կարծում եմ, որ պարկեշտ չի, որ այլ քաղաքական ուժի, ֆրակցիայի հետ կապված ես որեւիցե մեկնաբանություն անեմ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ այն ժամանակ Դուք դա Ռուբեն Հակոբյանի ներկայությամբ էիք բացատրում՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Այն ժամանակները հիմա անցել են: Այլ քաղաքական ֆրակցիայի հետ կապված որեւիցե մեկնաբանություն չեմ ցանկանում անել, չեմ ուզում մեկնաբանել ոչ իրենց այդ որոշումը, ոչ անցյալը, ոչ ներկան, ոչ ապագան»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից ներկայացնեք «Ժառանգություն» խմբակցությունը՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ արդեն այդ հարցը տալն էլ պարկեշտ չի: Անկեղծ եմ ասում, ինչ ասում եմ, ազնվորեն, այդպես էլ մտածում եմ: Բայց կարծում եմ, որ որեւէ մեկի համար ինչ-որ անակնկալ բան չի եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ