«Ազատություն» ռադիոկայանի այսօրվա ֆեյսբուքյան ասուլիսին դերասան Սերգեյ Դանիելյանին մի քանի հարց էինք ուղղել: Օրինակ, պատասխանելով իմ հետեւյալ հարցին՝ ֆեյսբուքյան ակտիվության պատճառով իր առջեւ ինչ-ինչ դռներ չե՞ն փակվում, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Չէ, ոչ մեկը դռներ չի փակում, ոչ մեկին պետք չեմ, նորմալ է ամեն ինչ»:
Մեր հաջորդ հարցին՝ հասկանալի է, որ սերիալը իր «գռդոնն» է եւ արդյոք չի՞ հոգնել Ջեմիկին մարմնավորելուց, Սերգեյ Դանիելյանը պոռթկաց. «Դա «գռդոն» չէ…այդ սերիալը մի տարի է՝ չի նկարվում: Ցավոք, Ձեր («Ազատություն» ռադիոկայանի) հաղորդման մեջ եմ, ես չեմ կարող ինձ թույլ տալ սեռական բնույթի հայհոյանք անել, որովհետեւ ինձ հենց նոր գռդոնչի անվանեցին»:
Քիչ անց, երբ դերասանը մի քիչ սթափվեց, հավելեց. «Ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ դա գռդոն չէր, ես բավականին ծանր աշխատանք եմ տարել»:
Երրորդ հարցը վերաբերում էր իր ներկայացումներում սեռական կողմի շեշտադրված լինելուն, արդյո՞ք այդկերպ ինքը փորձում է անկեղծ եւ անմիջական երեւալ, թե՞ «խուժան» բաներ ասելը լսարան հավաքելու միջոց է, դերասանը հետեւյալ պատասխանը տվեց. «Նախ հիշեցնում եմ, որ սեռական օրգանները միայն չիշիկ անելու համար չեն, եթե դուք կարծում եք, որ դրանով եմ հանդիսատես հավաքում, ապա վատ կարծիք ունեք իմ հանդիսատեսի մասին: Այո, ես ունեմ այդպիսի մի ներկայացում՝ «Խանգարող հանգամանք», որը տղամարդու խանգարող հանգամանքի մասին է, բայց ոչ բոլոր ներկայացումներում եմ այդպես խոսում, հայհոյանք տալիս: Եվ հետո, մարդ ուզում է տեսնի այն, ինչն իրեն ավելի հարազատ է, իմ հանդիսատեսը, որ գալիս նայում է ներկայացումը, չի էլ հիշում, որ հայհոյանք տվեցի…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ