«Նրանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելը կստացվի, ու փորձում են անցկացնել 200 դրամը»,-Aravot.am-ի հետ զրույցում Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից հրավիրված տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը լիովին անհիմն համարեց այն, որ փոխադրողները ցանկանում են, որ տրանսպորտի ուղեվարձը սահմանվի 200 դրամ:
Նա վրդովված հավելեց. «Ներկայիս անթույլատրելի վիճակը հաշվի առնելով` մեր հաշվարկների արդյունքում գոյացած ուղեվարձը 70 դրամ է, 30 դրամի սահմաններում մենք էլ մեր կողմից կներկայացնենք բարեփոխումները: Այսինքն` հարյուր դրամով միանգամայն կարելի է նորմալ տրանսպորտային համակարգ ունենալ: 200 դրամը ընդամենը նրանց վառ երևակայության արդյունքն է, ես ուրիշ բացատրություն գտնել չեմ կարող»:
Փոխադրողներն անընդհատ դժգոհում են, թե իրենք ներկայիս սակագնի պայմաններում վնասով են աշխատում և այլն:
Aravot.am-ը թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանից հետաքրքրվեց` այդ դեպքում ինչո՞ւ չեն միանում ուղեվարձի թանկացման դեմ պայքարողներին, փոխարենն ուզում են, որ սակագինը բարձրանա: Նա պատասխանեց. «Յոթ-ութ տարի է խոսում եմ: Դուրս եմ եկել վարչապետի մոտ, կառավարության մոտ: Յոթ տարի բողոքել ենք, հինգ տարի առաջ 130 դրամ սարքեցին, հետո նորից չգիտեմ ինչի համար արգելեցին»:
Կարդացեք նաև
Պարոն Աբրահամյանին, երբ հարցրեցինք ո՞վ է իրավիճակի գլխավոր մեղավորը, նա թույլ չտվեց, որ իրեն տեսագրեմ: Բայց կադրից դուրս խոստովանեց, որ իրավիճակի մեղավորը հենց կառավարությունն է: Նշենք նաև, որ Վլադիկ Աբրահամյանն անկեղծացավ մինչև այն աստիճան, որ պատմեց, թե ժամանակին «Վազգենն իրեն ասաց` արի թիվ 28 գիծը քեզ տամ, որ ժողովրդին տանես ընտրությունների բերես»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ