Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակամարտությունների կարգավորումը՝ որպես նախապայմա՞ն

Հոկտեմբեր 25,2013 16:29

Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի  վերաբերյալ, որը Հայաստանի համար ոչ նպաստավոր կետեր է ներառում, որոնք սակայն իրավական առումով ուժ չունեն, բայց ամեն դեպքում դաշտ են ստեղծում, արեւելագետ-կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը կարծիք հայտնեց, որ այս փաստաթուղթը ԵԽԽՎ-ում ադրբեջանական խորհրդարանական դիվանագիտության լոբբինգի ազդեցությամբ է ստացել իր բովանդակությունը:

«Առավոտի» հարցին, թե ինչի՞ց ելնելով է նման ենթադրություն անում, պարոն Խառատյանն ասաց. «Սրա մասին է վկայում մասնավորապես անդրադարձը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերին, այն փաստը, որ Կազանի ձախողված հանդիպման վերաբերյալ խոսք չկա, ինչպես Արեւելյան գործընկերության ծրագրում ներգրավված հակամարտություններ ունեցող մյուս երկրների (Վրաստան, Մոլդովա) վերաբերյալ մանրամասնությունների բացակայությունը: Այսուհանդերձ, եվրոպական այս կառույցին բնորոշ կերպով փորձ է արվել պահպանել պարիտետի սկզբունքը: ՄԱԿ-ի անվտանգության բանաձեւերին զուգահեռ նշվում է լ’Ակվիլլայի հայտարարությունը, որն ըստ էության «նորացված» Մադրիդյան սկզբունքներն են, որտեղ հայկական կողմերի համար նպաստավոր դիտարկվող ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի եւ Արցախի միջանկյալ կարգավիճակի մասին է խոսվում: Ըստ իս սակայն, չնայած իրավական առումով փաստաթղթի խորհրդատվական բնույթ ունենալու փաստին, այն կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ, քանի որ այս կերպ փաստորեն ամրագրվում է, որ Արեւելյան գործընկերության, իսկ մասնավորապես դրա շրջանակներում Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար հակամարտությունների կարգավորումը կարող է նախապայման դառնալ: Այս վերջին թեզի ճշմարտացիությունը թերեւս պարզ կդառնա Վիլնյուսի հանդիպումից հետո, որտեղ գոնե այս պահին, նախատեսվում է Ասոցացման համաձայնագիր ստորագրել Վրաստանի եւ Մոլդովայի հետ, ինչից հետո չափազանց դժվար կլինի Հայաստանի կամ Ադրբեջանի հետ ապագայում համանման համաձայնագիր ստորագրելը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, քանի որ դա երկակի ստանդարտների ակնհայտ դրսեւորում կլինի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031