Պետական գնումների ոլորտում կատարված մի շարք բարեփոխումներից թերեւս ուշագրավը բողոքարկման խորհուրդների լիազորությունների ուժեղացումն է:
Վերջերս «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարել էր, որ պետական գնումների մասով բողոքարկման խորհուրդներում թեեւ բողոքների թիվն ավելանում է, սակայն, շատ են դեպքերը, երբ բողոքողը իր հայտը հետ է վերցնում: Ուսումնասիրելով բողոքներն ու տվյալ բողոքին առնչվող մրցույթները, հակակոռուպցիոն կենտրոնը եզրակացրել է, որ այդ բողոքները հաճախ հետ են վերցվում այլ ընկերությունների ճնշման արդյունքում: Օրինակ, ըստ կենտրոնի ուսումնասիրության, նման երեւույթ է գրանցվել դեղերի գնումների հետ կապված, մրցույթին մասնակցել է «Նատալի ֆարմը», մեկ այլ ընկերություն բողոք է ներկայացրել, հետո հետ վերցրել այն:
Այսօր ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը ներկայացրեց գնումների ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնցից մեկի արդյունքում, բողոք ներկայացնող ընկերությունը, եթե անգամ փոշմանի եւ չուզենա իր հայտը քննվի, խորհուրդը, անկախ հայտ ներկայացնող ընկերության ցանկությունից, պարտադիր քննելու է բողոքը: Փոխնախարարը վստահեցրեց` «Ոչ մի բողոք առանց քննելու չի մնա»:
Բացի այս, մեկ այլ ուշագրավ բարեփոխում էլ է կատարվել պետական գնումների ոլորտում. պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում, մրցույթի հաղթողը վճարում է տուժանք՝ պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս՝ քան 1 միլիոն դրամ: Բարեփոխումներից մեկն էլ վերաբերում է կարգավորման դաշտին` ֆինանսական չափանիշի սահմանում այն ընկերությունների դեպքում, որոնց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջ`չձեւափոխված (դրական) աուդիտորական եզրակացության առկայություն:
Ֆիննախը պետգնումներով ձեռք բերվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման նոր չափանիշներ է սահմանել. մասնավորապես` դեղի գնման տեխնիկական բնութագիրը կազմվում է այնպես, որ բացառվի ՀՀ որեւէ դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) գրանցված տարբերակի մրցույթին չմասնակցելու հավանականությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ