Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը սահմանափակում է Արամ Հարությունյանի լիազորությունները

Հոկտեմբեր 25,2013 16:37

– Ես ուզում եմ հասկանամ`Արարատյան դաշտավայրը գալ տարի լոլիկ ցանելու է, թե`ոչ:
– Այո, Անահիտ տեսակի:
– Բա Քյավառի կարտոշկան կամ  Սեւանի ձուկը…..ուզում եք, ասեք, որ ձկան համար ներկրվող կերը պիտի ԳՄՕ-չլի՞:

Սա հատված է ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երկխոսությունից, որը տեղի ունեցավ այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ:  Դրանք վերաբերվում էին «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծին:

Նախարարի ու պատգամավոր երկխոսությանը միջամտեցին դահլիճում նստած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները`Վարդան Այվազյանի հարցին նախարարի փոխարեն պատասխանելով. «Եթե ուզում եք ձեր թոռները եւ սերունդները մնան առողջ, այո`պետք է արգելվի»: Այվազյանը խնդրեց բերել հստակ մեկ-երկու օրինակներ, որոնք ապացուցում են ԳՁՕ-ների վնասակարությունը: «Եկեք մեզ մոտ այնքան օրինակ ցույց տամ»,- հնչեց դահլիճից: Վարդան Այվազյանի մտահոգությունների մեջ էր մտնում այն, որ ԳՁՕ-ների համար լիցենզավորման սահմանումը կհանգեցնի ոչ միայն սննդամթերքի գների կտրուկ աճի, ինչին մեր կառավարությունը չի կարող դիմակայել, այլ նաեւ կնպաստի մոնոպոլիաների ձեւավորմանը: Այվազյանն ակնարկներով նկատեց, որ նման սննդամթերքի ներկրման կամ արտահանման համար լիցենզիաներ են սահմանվելու այն գործարարների համար, ովքեր կհամարվեն արտոնյալ: Այվազյանը բերեց նաեւ Մաքսային միության հետ կապված խնդիրները, որին Հայաստանը պատրաստվում է անդամակցել եւ որի որեւէ երկիր նման սահմանափակում չունի: Բնապահպանության նախարարն ասաց, որ ավելի լավ կլինի, որ ավելի ճիշտ կլինի, որ իրենք փորձեն գործընկերներին էլ այդ դաշտ բերել: Հետաքրքիր էր, որ քննարկմանը ներկա հասարակական հատվածի ներկայացուցիչները սահուն շրջանցեցին օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների այս բանավեճը`այն տեղափոխելով նախագծի դրույթների շուրջ:
Հիշեցնենք, որ սույն նախագծով սահմանվում են մեխանիզմներ, որոնք բացառում կամ նվազագույնին են հասցնում շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա ԳՁՕ-ների գործածության հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունները՝ հաշվի առնելով նաև մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը: Այդ նպատակին հասնելու համար օրենքի նախագիծը կարգավորում է մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանությանն առնչվող հարաբերությունները:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ օրենքի նախագիծը կարևոր նշանակություն ունի, քանի որ հարկավոր է մեխանիզմներ կիրառել ԳՁՕ-ների գործածության ժամանակ հնարավոր ռիսկերը կառավարելու համար: «Ցանկացած գենետիկորեն վերափոխված արտադրանք կարող է վտանգավոր լինել նաև մարդու առողջության և կյանքի համար, ուստի պետք է կարգավորենք այս խնդիրները, ինչին էլ ուղղված է նախագիծը»,- ասաց Արամ Հարությունյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031